Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր

Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանարկրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ պետք է ապահովել հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացի լիարժեք մուտքը:

«2013 թվականից այդ ուղղությամբ տարբեր փուլերով աշխատանքներ տարվել են՝ խմբակի, դասղեկական ժամի ձևաչափով: Վերջերս վերանայվեց հանրակրթական պետական չափորոշիչը, այսօր արդեն փորձնական ծրագիր է իրականացվում Տավուշի մարզում, ըստ որի, խմբակի ձևաչափով մասնագիտական կողմնորոշման դասընթացը դառնում է պարտադիր 7-րդ դասարանից սկսած, կշարունակվի մինչև 12-րդ դասարան»,-ասաց Թեհմինե Կարախանյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու պարագայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման դասընթացը պարտադիր դարձնել հանրապետության բոլոր դպրոցների համար:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը տեղեկացրեց, որ մասնագիտական կողմնորոշման դասընթացը լիարժեք ներդնելով՝ իրենք ակնկալում են տվյալ ուղղությամբ միասնական մոտեցմամբ աշխատանք, խնդիրների լուծում, արդյունքների գնահատում:

«Այսօր մենք խոսում ենք առանձին փոքր ծրագրերի մասին այս կամ այն մարզում, բայց ակումբների մեթոդաբանությամբ դասընթացի միասնական ներդնումը մեզ հնարավորություն կտա դպրոցական միջին տարիքից պատկերացումներ տալ աշխատաշուկայի մասին, վերաբերմունք ձևավորել աշխատանքի, կարիերան ճիշտ ու արդյունավետ պլանավորելու վերաբերյալ: Մասնագիտության ընտրությունը ոչ միայն անձի խնդիրն է, այլև համայնքի, տնտեսության, երկրի»,- ասաց Հայկուհի Գևորգյանը:

Հանրակրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ առանձին ծրագրերը տալիս են իրենց արդյունքները: 2021-2022 ուսումնական տարվա ավարտին միջին մասնագիտական ուսումնասական հաստատությունների շրջանավարտների 40 տոկոսն իր մասնագիտությամբ գտել է աշխատանք: Այս ցուցանիշը երեք տարի առաջ 8 տոկոս էր կազմում: Հայկուհի Գևորգյանի խոսքով՝ սա կրթություն-աշխատաշուկա կապը ցույց տալու լավ ցուցիչ է: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]