Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Երևանում առաջին անգամ կանցկացվի Ժամանակավոր փառատոնը

Երևանում առաջին անգամ կանցկացվի Ժամանակավոր փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակավոր փառատոնը, որը Երևանում կանցկացվի հունիսի 2-5-ը, մեկ հարկի տակ կհամախմբի հայաստանյան ներկայացումները, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Գերմանիայից մի շարք հեղինակների նախագծեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատարողական-թատերական ծրագրից բացի փառատոնի շրջանակում անցկացվելու են հանրային քննարկումներ և զրույցներ։ Միջոցառումները տեղի կունենան Փոքր թատրոնում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), «Բաբելոն» թատրոնում և բացօթյա տարբեր վայրերում։

Փառատոնը կազմակերպում է «Քրոնոտոպ» ժամանակավոր միավորումը` համագործակցելով Փոքր թատրոնի հետ: Աջակցում են «Հայ ֆեստ» թատերական փառատոնն ու ՆՓԱԿ-ը:

 Հիմնական գաղափարը ձևակերպելով՝ փառատոնի համակարգողները նշում են. «Թատրոնը մարդկանց համախմբում է:           Թատրոնը հնարավորություն է տալիս միասին մտածել և միասին գործել, վերստեղծել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը։ Թատրոնը կարող է դա անել, երբ մնացածն անզոր են, և այն պետք է շարունակի դա անել։ Թատրոնը կարող է և նորից կսկսի դա անել՝ հունիսի 2-5-ը Երևանում»:

Փառատոնի համադրողներից է Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայի շրջանավարտ ռեժիսոր Իլյա Մոշչիցկին, որը ներկայացումներ է բեմադրել ակադեմիական, պետական թատրոններում և անկախ փորձառական հարթակներում։ 2012-ին մասնակցել է «Տրանսկրիպցիա» լաբորատորիային՝ Կիրիլ Սերեբրեննիկովի ղեկավարությամբ։ 2018-ին արժանացել է «Պրորիվ» մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Ջոն Դեմյանյուկի դատավարությունը. Հոլոքոստ կաբարե» ներկայացման համար։ 2022-ին առաջադրվել է «Ոսկե դիմակ» մրցանակին: Համադրողների շարքում է պրոդյուսեր, մարքեթոլոգ Արտյոմ Արսենյանը: Նա ղեկավարել է մարքեթինգային բաժինը «Հասանելիության կետ» և «Նոր երևանյան թատրոն» փառատոններին, «Հարթակ» անկախ թատրոնների ֆորումի համահիմնադիրն է, «Էտյուդ-թատրոնի» և «Օրգանիզմներ» թատրոնի ներկայացումների պրոդյուսերը: Նրա նախագծերը բազմիցս նոմինացվել են «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]