Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոսարանը՝  կապող օղակ երկու երկրների միջև. հյուպատոս

Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոսարանը՝  կապող օղակ երկու 
երկրների միջև. հյուպատոս

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը իր նշանակման օրվանից՝ 2012 թվականից,   կարևոր կապող օղակ է ստեղծել երկու երկրների միջև, իրականացրել տարաբնույթ ծրագրեր և ապագայի հետ կապված դեռ շատ ծրագրեր ունի:  

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի պատվավոր հյուպատոսը նշեց, որ հյուպատոսարանի իրական գործունեության մասին Հայաստանում, ցավոք,  շատերը տեղյակ չեն: Մեծ մասը դիմում են վիզա ստանալու նպատակով՝ չիմանալով, որ հյուպատոսարանը վիզա չի տրամադրում:

Հայաստանում Իսպանիայի Թագավորության հյուպատոսարանի գործունեությունը

«Հայաստանում  Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվում է Հայաստանում ապրող և աշխատող բազմաթիվ իսպանացիների խնդիրներով:-Ասում է  Արմինե Ադամյանը:- Սկսած փաստաթղթերի հետ կապված խնդիրներից, մինչև մահվան դեպքերը, ինչի ժամանակ հյուպատոսի կնիքը փաստաթղթերում պարտադիր է: Ինչպես նաև շատ մեծ աշխատանքներ ենք տանում՝ օգնելով հայերին, ովքեր տարբեր խնդիրներ են ունենում կապված ճանապարհորդությունների, անձնագրի կամ բանկային քարտերի հետ: Անմիջապես գլխավոր հյուպատոսարանի հետ ենք կապվում և խթանում ենք, որ նրանց խնդիրները շատ արագ լուծվեն: Օրինակ՝ պատվիրակությունը երկու օրից պետք է մեկնի գործուղման, մարդիկ խաղերի, գիտաժողովների են մասնակցելու, բայց Ռուսաստանում գտնվող գլխավոր հյուպատոսարանից պատասխանն ուշանում է կամ չկա, ես անմիջապես կապվում եմ ՌԴ հյուպատոսարանի հետ և փոխանցելով տվյալները՝ բանակցում եմ, որ արագացնեն, որպեսզի մարդիկ չկորցնեն իրենց հնարավորությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով վիզաների տրամադրմանը՝ հյուպատոսը շեշտեց, որ Հայաստանում կա  BLS վիզաների կենտրոն և ըստ օրենքի բոլոր փաստաթղթերը վիզաների կենտրոնի միջոցով գնում են Մոսկվա, որտեղ էլ հաստատվում են:

Իրականացված ծրագրեր

Ներկայացնելով իրականացրած աշխատանքները՝ Արմինե Ադամյանն ասաց, որ հյուպատոսարանը նպաստում է մշակույթի, լեզվի զարգացմանը, և եղել են տարիներ, որ իրենց  ջանքերով Հայաստան են հրավիրվել տարբեր հայտնի պարային խմբեր, երաժիշտներ, օպերային երգիչներ, ինչն իրականացվել է երկու կողմերի համաֆինանսավորմամբ: Եվ մեր քաղաքացիները հնարավորություն են ունեցել անվճար վայելելու այն մշակութային արժեքները, որոնք ունի Իսպանիան:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկու տարի է իմ ջանքերի շնորհիվ Իսպանիան հայտեր է ուղարկում Հայաստան՝ հրավիրելով համապատասխան գիտելիքներով ուսանողների և աշակերտների, որպեսզի նրանք ուսանեն Իսպանիայում՝ հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչը, կարծում եմ, շատ մեծ հնարավորություն է Հայաստանի երիտասարդներ համար»,- ասաց պատվավոր հյուպատոսը:

Ծրագրեր ներկայի  և ապագայի համար

Արմինե Ադամյանը հույս հայտնեց, որ եթե վերջին շրջանում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները թույլ տան, և ինչ-որ բան աշխարհում չփոխվի, ամեն ինչ հարթ անցնի, իրենք ծրագրել են այս տարի ևս նշել Իսպանիայի ազգային տոնը և դրա շրջանակում նորից հրավիրել մշակութային գործիչների:

«Ծրագրերից մյուսը, որը ինձ համար շատ կարևոր է, յուրաքանչյուր ոլորտում փորձի փոխանակում իրականացնելուն նպաստել կարողանալն է: Ես բավականին մեծ ջանքեր եմ ներդնում, որպեսզի  կարողանամ գտնել այնպիսի կառույց, որը կցանկանա համագործակցել Հայաստանի հետ և բացել ուսուցողական կենտրոններ, որտեղ մասնագետները կկիսեն իրենց փորձն ու գիտելիքները, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, և այն, ինչ մենք սովորել ենք նախկինում ու այն ինչ հիմա աշխարհը կարող է տալ, լրիվ տարբեր բաներ են: Եվ երրորդ ծրագիրը, որը կցանկանայի իրականություն դառնար, Հայաստանում Սերվանտեսի դպրոց բացելն է: Արդեն բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ, որպեսզի ֆինանսավորեն և այստեղ բացեն այդ դպրոցը»,- ասաց նա:

Պատվավոր հյուպատոսը նշեց, որ տարածաշրջանը հարմար է նաև բիզնեսի  տեսանկյունից, և մի քանի տարի է փորձում է իսպանացի գործարարներին ներկայացնել հայկական շուկան և համոզել, որ որոշ մասնաճյուղեր և գործարաններ բացեն Հայաստանում, ինչն իրենց կտա այլ շուկաներ և զարգացման մեծ հեռանկարներ:

«Նշեմ, որ վերջերս իմ միջամտությամբ «Զառա» հագուստի բրենդի որոշակի մոդելներ կարվում են Հայաստանում: Ես ինքս եմ բանակցել, այսինքն՝ մենք գործարարի կողքին ենք լինում այնքան ժամանակ, մինչև իրենք սկսում են համագործակցել: Կոնկրետ այս պահի դրությամբ էլ բանակցում եմ հագուստի «Մանգո» կազմակերպության հետ, որպեսզի կարողանանք հնարավորություն ստեղծել որոշ մոդելներ Հայաստանում արտադրել: Քանի որ, մտածում եմ, դա ևս մեր երկիրը գովազդելու լավ տարբերակ է: Մարդիկ վերցնում են հագուստը և նայում, թե որտեղ է այն արտադրված, օրինակ՝ նույն «Զառան» արտադրվում է տարբեր երկրներում, և տեսնելով «Արտադրված է Հայաստանում» պիտակը՝ մարդիկ սկսում են հետաքրքրվել, մարդիկ կսկսեն ճանաչել մեր երկիրը»,-ասաց Արմինե Ադամյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ պատվավոր հյուպատոսը նշեց իր ամենակարևոր ծրագրերից մեկը, որի  իրականացման ուղղությամբ տարիներ շարունակ աշխատում է: Դա մշտական չվերթներ իրականացնող իսպանական ավիաուղիներից մեկի հետ համագործակցություն սկսելն է: Քանի որ այս պահին կանոնավոր թռիչքներ իրականացվում են միայն ամառվա ամիսներին: Եվ սա շատ անհրաժեշտ է ներգնա տուրիզմը զարգացնելու համար: Քանի որ զբոսաշրջիկների մի մասը 60-ից բարձր քաղաքացիներ են, որոնց համար տարանցիկ ուղիներով ճանապարհորդելը մի փոքր բարդ է: Իսկ եթե ուղիղ չվերթներ լինեն, Հայաստան եկող իսպանացիների թիվը միանշանակ կմեծանա:

«Ապագայի համար ունեմ նաև Հայոց պատմության և Հայաստանի մասին այլ կարևոր գրքերի իսպաներեն թարգմանության և հրատարակության, դրանք Իսպանիայի հայտնի համալսարանների գրադարանային ֆոնդերում ներմուծելու ծրագրեր: Քանի որ մեր պատմությունը աղավաղվում է շատ երկրներում»,-ասաց նա:

Հայ-իսպանական հարաբերություններ

Արմինե Ադամյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեռ շատ-շատ անելիքներ կան, պետք է ունենալ հստակ ծրագիր: «Ասեմ, որ հաջողվում է հայերի ու իսպանացիների միջև բարեկամություն անել, քանի որ մեր երկու ժողովուրդների սովորությունների, բնավորությունների մեջ շատ նմանություններ կան»,- ասաց նա:

Արմինե Ադամյանը հավելեց, որ հյուպատոսարանը միշտ բաց և պատրաստ է, քաղաքացու  կամ պետության  որևէ նախագիծ իրականացնելու ցանկության դեպքում, դառնալ անցումային օղակ, աջակցել և ներդնել ողջ ներուժը՝ արդյունավետ և ճիշտ համագործակցություն ստանալու համար:

Իսպանիան արդեն Հայաստանում դիվանագետ է նշանակել, և 2022 թվականի օգոստոսի 1-ից բոլոր դիվանագիտական քաղաքական հարցերով զբաղվելու է նա:

Զրուցեց Գայանե Գաբոյանը

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am