Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արվեստագետն իր աշխատանքով է դառնում ժողովրդական. Արա Խզմալյանն անդրադարձել է որոշ կոչումների չեղարկման օրենքի նախագծին

Արվեստագետն իր աշխատանքով է դառնում ժողովրդական. Արա Խզմալյանն 
անդրադարձել է որոշ կոչումների չեղարկման օրենքի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է՝ «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» կոչումները չեղարկելն արդարացված է, քանի որ ոչ ոք ի զորու չէ ժողովրդի անունից որոշելու, թե որ արվեստագետն է իրապես ժողովրդական, որը՝ ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն Արա Խզմալյանը նշեց, որ արվեստագետն իր աշխատանքով է իրեն հռչակում ժողովրդական արտիստ, ինչը բնական և օբյեկտիվ կարգավիճակ է, ոչ թե շնորհում պետության կողմից:

Անդրադառնալով «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները պահպանելուն՝ նա շեշտեց՝ առաջարկվել է չեղարկել նաև այդ կոչումները: «Սա դեռ քննարկման փուլ է. գուցե լինեն հիմնավորումներ, որոնք կարող են բերել նաև այդ կոչումների չեղարկմանը: Կան «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ», «ՀՀ վաստակավոր մանկավարժ» և այլ կոչումներ: Այլ ոլորտներում կոչումները չեն չեղարկվում: Որպեսզի մշակութային ոլորտը չհայտնվի շատ մեկուսացված վիճակում, որոշ կոչումներ կպահպանվեն: «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչումն ասես ամփոփում է և՛ ժողովրդական արտիստներին, և՛ վաստակավոր, և՛ այլն, այսինքն՝ ամբողջ թատերահամերգային հատվածը  և ժամանակակից արվեստը տեղավորվում են «Վաստակավոր գործիչ» ձևակերպման մեջ»,- նշեց Խզմալյանն ու վստահեցրեց՝ ոչինչ մշակույթի ոլորտն այնպես չի աղավաղում, չի շեղում ոլորտի ներկայացուցիչներին իրենց մասնագիտական խնդիրներից ու պարտավորություններից, որքան կոչումները:

Նրա խոսքով՝ կոչումները ստեղծվել են Խորհրդային Միության տոտալիտար վարչակարգում: Նպատակը հեղինակություններ ձևավորելն ու նրանց միջոցով քաղաքական ազդեցություն ապահովելն է եղել: 

Արա Խզմալյանն ընդգծեց, որ չեն հրաժարվում շքանշաններից, մեդալներից: Կոչումները չեղարկելով՝ նախարարությունը բարձրացնում է շքանշանների արժեքը, որոնք քիչ կտրվեն, սակայն կհանձնվեն արժանավորներին:

«Կոչումների պատճառով նաև կադրային քաղաքականության լրջագույն խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ թատրոնում «ՀՀ ժողովրդական արտիստի» կոչում ունեցող  երկու կամ երեք դերասան կան, որոնք տարին մեկ անգամ են բեմ բարձրանում: Եթե փորձեք աշխատանքից ազատել նրանց՝ անգործության կամ պարապուրդի համար, լուրջ խնդիրների առաջ կկանգնեք: Ինչո՞ւ ենք  մենք արհեստական պաշտպանական մեխանիզմներ ստեղծում չաշխատող մարդկանց համար: Բացի այդ՝ նորմալ չէ, երբ մի քանի մասնագետ որոշում է, թե ով է ժողովրդական արտիստ, ով՝ ոչ»,- շեշտեց Արա Խզմալյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք, որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածները, իսկ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ հավելվածում կատարել փոփոխություն` հանելով վերը նշված կոչումների կրծքանշանների և վկայականների նկարագրությունները և նմուշները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am