Հայ երիտասարդները մասնակցել են «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7- րդ համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բուհերի 10 ուսանող Օրենբուրգ քաղաքում մասնակցել է «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին: Այն կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից, ներկայացվել են նորարար գաղափարներ և ծրագրեր։
«Աշխատանքային ծրագրում, որպես համաժողովի առանցք, ընդգրկված էր ավելի քան 50 միջոցառում: Դրանք ընդգրկում էին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանրային դիվանագիտությունը, մարդասիրական ազդեցությունը, փափուկ ուժը:
Համաժողովի աշխատանքային ծրագիրը ներկայացվել է 4 ուղղությամբ՝ «Բարություն», «Կարիերա», «Մեդիա», «Հայրենակիցներ», որոնք համընկնում էին զուգահեռ իրականացվող «Росмолодежь» դրամաշնորհային մրցույթի գործունեությանը:
Համաժողովը նպաստում է միջմշակութային կապերի հաստատմանը, համաշխարհային փորձի փոխանակմանը երիտասարդների առաջադրած կայուն զարգացման ծրագրերի զարգացման ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երիտասարդները հնարավորություն են ունեցել ներկայացնելու նաև իրենց երկրի մշակութային արժեքները:
«Մեր պատվիրակությունն ազդեցիկ տպավորություն է թողել մշակութային միջոցառման ժամանակ, երբ ներկայացրել է «Կարնո Քոչարի» պարն ու «Երազ իմ երկիր հայրենի» երգը»,- տպավորությունների մասին պատմել են Հայաստանը ներկայացնող երիտասարդները։
Նշվում է, որ, բացի ֆորումի օրակարգային հանդիպումներից և միջոցառումներից, հայ երիտասարդները հանդիպում են ունեցել նաև Օրենբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Օրենբուրգի մշակութային հայկական տանը նրանց հյուրընկալել է համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում