Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Օրինականության խախտման վրա աչք չի փակվելու. Գլխավոր դատախազի թեկնածու

Օրինականության խախտման վրա աչք չի փակվելու. Գլխավոր դատախազի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում, եթե համակարգում լինեն օրինականության խախտման դեպքեր, դրանց վրա աչք չի փակվելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցին:

Պատգամավորը Վարդապետյանից հետաքրքրվեց, թե նրա ընտրվելուց հետո առնվազն հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի հիմքերն արժանանալո՞ւ են ուսումնասիրման, անհրաժեշտության դեպքում՝ նաև վերանայման: Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք իրավական հետևանքներ լինելո՞ւ են այն դատախազի համար, ով հարուցել է տվյալ քրգործերը:

«Հանրային հնչեղություն ունեցող գործեր չկան, կան գործեր, որոնք ունեն հանրային հետաքրքրություն։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի պակաս մենք չունենք։ Գլխավոր դատախազը չունի վարույթներ, գլխավոր դատախազի գործառույթն առավելապես կազմակերպական է, բայց նաև, իմ մասնագիտական հետաքրքրությունները հաշվի առնելով, այո, նախաձեռնելու եմ իրավական քննարկումներ, պահանջելու և խնդրելու եմ»,-ասաց Վարդապետյանը:

Անդրադառնալով հետևանքներին՝ նա վստահեցրեց, որ եթե փաստագրվելու են օրինականության խախտումները, դրանք անհետևանք չեն մնալու, որովհետև թիրախային հետևողական մոտեցումը օրինականության խախտման նկատմամբ ճիշտ ազդակ է համակարգին, թե ինչ է ակնկալվում համակարգից։

«Տարբեր քաղաքացիների դիմումների հետ կապված՝ եղել են իրավիճակներ, երբ օրինականությունը ստուգելու արդյունքում դատախազությունը որոշակի խնդիրներ արձանագրել է հսկող դատախազի աշխատանքում և հետևանքներ է առաջացրել: Եվ դա ճիշտ ազդակ է ուղղահայաց համակարգի համար»,- ասաց Վարդապետյանը:

Անդրադառնալով պատգամավորի երկրորդ հարցին՝ թեկնածուն դրական պատասխան տվեց: «Եթե կա օրինականության խախտում, այդ օրինականության խախտման վրա աչք չի փակվելու»,-ասաց նա:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]