Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Սեպտեմբերին կանխատեսվում է Covid-19-ի ակտիվացում

Սեպտեմբերին կանխատեսվում է Covid-19-ի ակտիվացում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և առողջապահության նախարարի տեղակալ  Լենա Նանուշյանը ստացան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ  համապատասխանաբար 4-րդ և 3-րդ դեղաչափերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը նշեց, որ Եվրոպական երկրներում ամառային հանգստի ֆոնին վարակի թվերի ավելացման միտում է նկատվում, որը ստիպում է զգոն լինել և պատրաստվել վարակի սպասվող հերթական ալիքին ընդառաջ:

«Սա իմ չորրորդ դեղաչափն էր: Կարծում եմ՝ կարևոր է պաշտպանված լինելը՝ հատկապես այն դեպքում, երբ այնքան էլ երիտասարդ չեմ: Ես պատվիրակության ղեկավար եմ և պատասխանատու եմ իմ կոլեգաների համար: Ամառային հանգստի ամիսներին եվրոպական երկրներում կորոնավիրուսի վարակման աճ է նկատվում, տրամաբանական է, որ վարակի ալիքը նաև Հայաստան է գալու»,- նշեց դեսպան Անդրեա Վիկտորինը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը նշեց, որ իր պատվաստման նպատակը ավելի անվտանգ պայմաններում ապրելն ու աշխատելն է:

«Վերջին ժամանակաշրջանում  եվրոպական երկրներում դեպքերի թվի ակտիվացում է դիտվում: Քանի որ ամառվա ընթացքում մեր բնակչությունը հանգստի է մեկնում, գնահատում ենք, որ վերադառնալուց հետո գուցե դեպքերի աճ նկատվի սեպտեմբեր ամսվա ընթացքում, դրա համար փորձում ենք նորից քարոզարշավ սկսել: Մասնագետների կողմից կա հստակ գնահատական, որ օգոստոսի վերջին օրերին և սեպտեմբերին վարակի ակտիվացում է դիտվելու: Պետք է զգոն լինել: Այն մարդիկ ովքեր չեն պատվաստվել՝ պետք է պատվաստվեն, իսկ պատվաստվածները ստանան իրենց խթանիչ դեղաչափերը»,- նշեց փոխնախարարը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]