Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ վարչապետն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին

ՀՀ վարչապետն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի 
մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանի գլխավորությաբ կինոաշխարհի պատվիրակության կազմում էին օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Թերի Ջորջը, փառատոնի պատվավոր հյուր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Կոստա-Գավրասը, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Մայքլ Գյուրջյանը և գրող, հումանիստ, ակտիվիստ Միրզա Դինային: Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար ու գործադիր տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Վարչապետը ողջունել է կինոաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությունը մեր երկրում անցկացվող մշակութային նշանակալի իրադարձությանը, որը նպաստում է կինոարդյունաբերության զարգացմանը, մասնագիտական շփումների ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կինոարտադրության զարգացումը կարևոր է ոչ միայն մշակույթի, այլև կրթության, գիտության, տեխնոլոգիաների համար, և Հայաստանը շահագրգռված է ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով հաղորդակից լինել այդ գործընթացին:

Հարություն Խաչատրյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության օժանդակությունը կինոփառատոնի անցկացմանը և մանրամասներ ներկայացրել դրա ընթացքի վերաբերյալ: «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներն էլ երախտագիտություն են հայտնել միջոցառմանը մասնակցելու հրավերի համար և կիսվել տպավորություններով՝ ընդգծելով, որ վայելում են իրենց ժամանակը Հայաստանում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կինեմատոգրաֆիայի զարգացման միտումների ու  հեռանկարների վերաբերյալ: Քննարկվել են այս ոլորտում ներդրվող ռեսուրսների արդյունավետ կիրառմանը, կինոշուկայի, որակյալ  կինոարդյունաբերության զարգացմանը, երիտասարդ մասնագետների խրախուսմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության նախաձեռնած բարեփոխումները մշակույթի ու կրթության բնագավառներում, որոնց նպատակը որակական փոփոխություններն են, զարգացման միտված արժեհամակարգի և միջավայրի ձևավորումը:

Կառավարության ղեկավարը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի հետագա աշխատանքներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am