Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արցախի պետական նախարարը ոլորտի զարգացման հարցեր է քննարկել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակության հետ

Արցախի պետական նախարարը ոլորտի զարգացման հարցեր է քննարկել Տուրիզմի 
հայկական ֆեդերացիայի պատվիրակության հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 13-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:

Արտակ Բեգլարյանը ողջունել է ներկաների այցը Արցախ, նշել, որ հատկապես պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել խթանել դեպի Արցախ այցելությունները: «Թեև պատերազմի հետևանքով սահմանափակվել է զբոսաշրջային վայրերի աշխարհագրությունը և որոշակի անվտանգային հարցեր են առաջացել, սակայն Արցախը մնում է զբոսաշրջային գրավիչ ուղղություն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, բնության հուշարձաններով ու տարաբնույթ ակտիվություններով: Այս պայմաններում հատկապես հայերի կողմից Արցախ այցելությունները մեզ համար ոչ միայն սոցիալ-տնտեսական նշանակություն ունեն, այլև՝ մշակութային, համազգային միասնականության, ինչու չէ նաև քաղաքական: Այդ տեսանկյունից կառավարությունը պատրաստ է հնարավորինս համագործակցել դաշտի բոլոր դերակատարների հետ՝ ըստ կարիքի շտկումներ իրականացնելով պետական քաղաքականության մեջ»,- ասել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Մեխակ Ապրեսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել ֆեդերացիայի գործառույթներն ու ծրագրերը զբոսաշրջային ոլորտում, ընդգծել, որ իրենք պատրաստ են առավելագույն ջանքեր ներդնել Արցախում զբոսաշրջության դաշտի վերականգնման ու զարգացման համար:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել զբոսաշրջության բնագավառում պետական մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունը, աշխատել հանրության շրջանում Արցախի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող տեղեկատվության տարածման, ինչպես նաև պետական ոլորտային քաղաքականության բարելավման շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am