Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Podcast. ինչ են խորհրդանշում Վարդավառի տոնի ժողովրդական սովորույթները

Podcast. ինչ են խորհրդանշում Վարդավառի տոնի ժողովրդական սովորույթները

ԵՐԵՎԱՆ, 23  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի հուլիսի 24-ին է տոնում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Սա շարժական տոն է, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Վարդավառի տոնին, ինչպես բոլոր տաղավար տոներին, նախորդում է շաբաթապահք:

Թեմայի շուրջ «Արմենպրեսի»  «Podcast» տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու  և երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի  և ԱՀԹ-ի երիտասարդաց միությունների փոխատենապետ  Անի Թովմասյանի հետ:  

Քրիստոսի Պայծառակերպությունը՝ Վարդավառը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր  լեռան վրա: Համաձայն Ավետարանի` Քրիստոս իր քարոզչական գործունեության երրորդ տարվա ամռանը, իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասածությունից  վեց օր անց, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝  աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում  է.  «Դեմքը  փայլեց՝ ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»(Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29):  

Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9.31):

Սքանչելի տեսարանից զմայլված Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք վրաններ շինենք, մեկը` քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»:  Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով սարսափած  առաքյալներինՀիսուսը նրանց պատվիրում է առայժմ չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծու Որդու խաչելությունը և Հարությունը:

Սուրբ Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս այն մասին, թե ինչո՞ւ Տիրոջ երկու կողմերում Մովսես և Եղիա մարգարեները հայտնվեցին:  Մովսեսն ու Եղիան ներկայացնում էին Օրենքը և մագարեներին:  Սրբանկարներում Մովսեսին սովորաբար պատկերում են քարե տախտակներով, որոնց վրա գրված է Օրենքը, իսկ Եղիան պատկերվում է նիհար, երկար մազերով  (երբեմն ձեռքին թղթափաթեթ): Երկուսն էլ ունեցել են Աստծու տեսիլքը. Մովսեսը`Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19.8-18): Եղիա և Մովսես մարգարեները պատկերավոր կերպով ներկայացնում էին Կյանքը և Մահը: Մովսեսը մահացավ`այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը,  իսկ Եղիան կենդանի երկինք վերացավ կրակե երկանիվով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի`նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի`երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոսն է Օրենսդիրը և չի դրժում Աստծու Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի (Սբ. Գրիգոր ՏաթևացիՔարոզ Վարդավառի»):

Ժողովրդական սովորույթների համաձայն՝  այս տոնը առավել հայտնի է Վարդավառ անունով:  Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր, որը հիմնականում պայմանավորված էր հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի անվանումներով. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ):  Չնայած անվանումների բազմազանությանը՝ հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր արարողակարգ:

Որոշները կարծում են, թե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պահպանել է հեթանոսական ծագում ունեցող տոներ, որոնք քրիստոնեականացրել է: Բայց ըստ հայ եկեղեցու հոգևոր հայրերի մեկնաբանության՝ Քրիստոնեական տոների մեջ հեթանոսական ծագում ունեցող տոներ չկան: Այդ տոների օրինակ ` Վարդավառ կամ Տեառընդառաջ,  առկա են հեթանոսական ժամանակներից պահպանված ժողովրդական ավանդույթներ, որոնք հեթանոսական հավատալիքների հետ ոչ մի կապ չունեն, դրանք պարզապես ժողովրդական սովորույթներ են, որ պահպանվում են մինչև այժմ:

Տաթևացին ասում է, որ եթե հեթանոսները պաշտում են կրակը կամ ջուրը, ապա մենք`քրիստոնյաներս, դրանք ծառայեցնում ենք կենդանի Աստծուն: Օրինակ`ջուրը, որ Վարդավառին ցողում են մարդկանց վրա, որպես մաքրության նշան, հատուկ է գրեթե բոլոր կրոններին և դժվար է ասել, թե այն հեթանոսական է կամ այլ կրոնին պատկանող իրողություն: Հին կտակարանում էլ ջուրը եղել է մաքրության նշան»:

Պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը և աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է: Վարդավառ ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

Սբ. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի`վարդի հետ համեմատության. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով`երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպությունը Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Նա վարդի չորս գուներանգները`կանաչ, կարմիր, սպիտակ, դեղին, համեմատում է`դեղինը Քրիստոսի անմեղության, սպիտակը`Աստվածության, կարմիրը`խաչի վրա հեղված Նրա Արյան և կանաչը` Նրա հասակի գեղեցկության հետ (Սբ. Գրիգոր ՏաթևացիՔարոզ Վարդավառի»):    Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այդպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին նրան:

Վարդավառյան ավանդական ուխտագնացությունը կատարվում էր դեպի մոտակա սրբավայրեր՝հատկապես Խուստուփ լեռան սրբավայրերը:

Այդուհանդերձ, վարդավառյան համահայկական նշանավոր ուխտավայրը Մշո Սուրբ Կարապետն էր: Պատահական չէ, որ շատ տեղերում (օրինակ`Կեսարիայում) ավանդական այդ տոնը կոչվում էր «Սուրբ Կարապետ»: Ուխտավորներն օրերով էին մնում այդ սրբավայրերում, ուր կազմակերպվում էին ամենատարբեր միջոցառումներ:  Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին եկեղեցի տանում`խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Եկեղեցու բեմը և սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով:

Չնայած Հիսուսի պայծառակերպությունը կատարվեց Նրա Հարությունից առաջ, սակայն տոնը նշվում է Հարության տոնից հետո, համաձայն Հիսուսի`առաքյալներին տված պատվիրանի`չհայտնել Իր այլակերպության մասին՝ մինչև խաչելություն և Հարություն:

Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է` հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծու Որդին է: Աստծու պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները, հետևել դրանց և կյանքի վերածել:

Հեղինակ և վարող՝  Տաթև Զաքարյան

Լուսանկարները՝  Մխիթար  Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am