Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Շուրջ 2150 նոր գյուղտեխնիկա՝ արտադրողականության բարձրացման, ինտենսիվացման համար. ինչ արդյունք է տվել աջակցության ծրագիրը

Շուրջ 2150 նոր գյուղտեխնիկա՝ արտադրողականության բարձրացման, 
ինտենսիվացման համար. ինչ արդյունք է տվել աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում, այսինքն` պետության սուբսիդավորմամբ, տնտեսավարողները ձեռք են բերել շուրջ 2150 բացառապես նոր գյուղտեխնիկա: Այս ծրագրի նպատակը գյուղոլորտի արտադրողականության բարձրացումը, ինտենսիվացումը և գյուղացիների ծախսի կրճատումն է:  

«Արմենպրես»-ը աջակցության ծրագրի մասին զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի և շահառուի հետ:

«Գյուղատնտեսության ոլորտում էապես կարևորվում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, տեխնիկայի կազմի թարմացումը, ինտենսիվացումը: Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման և ինտենսիվացման գործում կարևորագույն տեղ ունի գյուղատնտեսական տեխնիկան: Այս առումով մեր տեխնիկան բավականին հին էր, խորհրդային տարիների տեխնիկան էինք օգտագործում, ու անհրաժեշտություն էր առաջացել մշակելու ծրագիր, որը կնպաստի տեխնիկայի պարկերի թարմացմանը, նորացմանը: 2017 թվականից սկսած՝ իրականացնում ենք Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը»,-ասաց Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը:

Պետությունը սուբսիդավորում է տրամադրվող լիզինգի տոկոսադրույքը: Բանկերը տրամադրում են 14 տոկոս տոկոսադրույքով լիզինգ, որից 12 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի շահառուներին լիզինգը հասանելի լինի 2 տոկոսով: Լիզինգը տրամադրվում է մինչև 10 տարի ժամկետով՝ կախված առարկայի արժեքից, միջինը տրամադրվում է 6 տարի ժամկետով:

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ: Վերջին բաղադրիչն ավելացվել է 2021 թվականին:

Ըստ Փանոսյանի՝ ծրագիրը բավականին լավ արդյունքներ է տալիս,  մարդիկ տարեցտարի ձեռք են բերում նոր տեխնիկա, թիվն ավելանում է, այսպիսով գյուղտեխնիկան Հայաստանում թարմացվում է:

«Ծրագրի մեկնարկից մինչև հիմա շուրջ 2150 տեխնիկա է տրամադրվել՝ 10 մլրդ դրամի լիզինգի շրջանակում: Իսկ միայն այս տարվա 6 ամսվա դրությամբ՝ արդեն 1.4 մլրդի գյուտեխնիկայի լիզինգ է տրամադրվել»,-ասաց նա:

Ծրագրի շրջանակում 2017 թվականին տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, 2018-ին՝ 220, 2019-ին՝ 364, 2020-ին՝ 573, 2021-ին՝ 538, իսկ այս տարվա առաջին 6 ամիսներին՝ 294 գյուղտեխնիկա: «Ընդ որում, դիտարկված է, որ յուրաքանչյուր տարի 500 միավոր գյուղացիական տեխնիկա պետք է տրամադրվի տնտեսավարողներին: Այս առումով միայն 6 ամսվա ցուցանիշներով արդեն իսկ ձեռք է բերվել շուրջ 300 միավոր տեխնիկա, այսինքն՝ կեսից ավելին լիզինգի ծրագրով արդեն տրամադրվել է»,-նկատեց Փանոսյանը:

Հիմնականում գյուղացիները ձեռք են բերում տրակտորներ, կոմբայններ, կուլտիվատորներ, խոտհնձիչներ, սրսկիչներ, խոտքաղիչներ և այլն:

Փանոսյանը հավելեց, որ ծրագիրը արտադրողականության բարձրացումից բացի միտված է նաև ծախսերի, ռեսուրսների կրճատմանը, օդի մաքրմանը. հին տեխնիկան, օրինակ, ավելի շատ դիզվառելիք է օգտագործում, օդն ավելի շատ է աղտոտում: Այսինքն՝ ծրագիրն ունի և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ էկոլոգիական նշանակություն: Նա այն համոզմանն է, որ տնտեսավարողների արտադրողականության բարձրացմանը միտված այս ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը: Այսպիսով, վարչության պետը հորդորում է  գյուղացիներին օգտվել ծրագրից, թարմացնել իրենց տեխնիկան: 

Ծրագրի շահառու է «Ագրո Յունիթ» ՓԲԸ-ն:  Արարատի մարզի Ազատավան համայնքում ինտենսիվ այգիների համար, որոնցում աճեցվում է գիլաս, տանձ, 2019-2020 թվականներին ձեռք են բերվել մի շարք գյուղտեխնիկաներ:

«Ձեռք ենք բերել տրակտոր, սրսկիչ, խոտքաղիչ, կուլտիվատոր: Դրանք աշխատանքներին բավականին օգնել են: Եթե մեզ անհրաժեշտ ապրանքը պետք է ձեռք բերեինք X գնով, ապա պետության աջակցության, սուբսդիավորման դեպքում ձեռք ենք բերում X- գնով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցը եզրափակեց «Ագրո Յունիթ»-ի տնօրեն Վարդան Ղարիբյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am