Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը կես դար անց նորովի կմատուցվի Երևանում

«Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը կես դար անց նորովի կմատուցվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովը մի քանի ամիս է՝ Հայաստանում է: Նա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրում է հռչակավոր կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը: Սպասված ներկայացումն արդեն պատրաստ է: Առաջնախաղերը նախատեսվում են օգոստոսի 1-2-3-ին:

Բալետմայստերը 1970 թվականին է Երևանի օպերային թատրոնում բեմադրել «Ռոմեո և Ջուլիետը»: Այս անգամ ևս այն մատուցելու է համաշխարհային պահանջներին համապատասխան մոտեցումներով:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը առաջնախաղին անդրադարձան ոչ միայն Օլեգ Վինոգրադովը, այլև ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ըստ Խզմալյանի՝ օպերային թատրոնի հաջողություններն ու ակտիվությունն ակնհայտ են: «Յուրաքանչյուր ղեկավարի, պատասխանատուի համար մեծագույն ուրախություն է տեսնել թատրոնի վերափոխությունը: Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել իմ գործընկերներին՝ մաեստրո Դուրգարյանի գլխավորությամբ: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որ ապացուցեն՝ իրենք տրամադրված են թատրոնն իսկապես հասցնելու 21-րդ դար, վերափոխելու թատրոնի ռիթմերը, ընդլայնելու միջազգային համագործակցությունները: Այն փաստը, Երևանում ներկայացում է  բեմադրում աշխարհահռչակ վարպետ Օլեգ Վինոգրադովը, այդ ամենի վառ ապացույցն է»,-նշեց փոխնախարարը:

Խզմալյանը ներկա է եղել բալետի փորձին: Նա շեշտեց, որ տարբեր ձեռագրերի առկայությունը թատրոնում, տարբեր վարպետների հետ աշխատանքը յուրաքանչյուր թատրոնի  առաջընթացի ու հաջողության գրավականն են:

Կարեն Դուրգարյանն էլ թատրոնի խաղացանկը «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ համալրելու գաղափարը կապեց երիտասարդներին թատրոնին առավել մոտեցնելու միտումով:

«Այն երիտասարդները, որոնք կայցելեն թատրոն, կդիտեն բալետը, կգտնեն իրենց այս կամ այն կերպարում: Մենք շատ ենք կարևորում լեգենդար բալետմայստերի հետ համագործակցությունը, որովհետև ցանկացած վարպետի հետ աշխատելը  թատերախմբի համար նոր աստիճան է: Այս ներկայացումները ճանապարհ են բացում դեպի այն բեմադրությունը, որը թատրոնը երազում է մի օր ունենալ: Դա «Կարապի լիճ» բալետն է»,-ընդգծեց դիրիժորը:

Օլեգ Վինոգրադովը մեծ ոգևորությամբ է աշխատում Հայաստանում: Նա ասաց՝ տարիներ շարունակ և տարբեր ժամանակաշրջաններում Աստված իրեն ուղարկել է ընկերների, որոնք իրեն տոն են նվիրում: Տարիներ առաջ, երբ Պետերբուրգում  բեմադրվել է  «Ռոմեո և Ջուլիետ» բալետը, ծանոթացել է Կարեն Դուրգարյանի հետ, որը ներկայացման դիրիժորն է եղել:

Ըստ Վինոգրադովի՝ Դուրգարյանը նվիրված է երաժշտությանը, թատրոնին, դերասաններին ու մտածում է արտիստների մասին: «Դուրգարյանն այնպիսի դիրիժոր է, որը չի կառչում պարտիտուրից ու տեսնում է, թե ինչ է կատարվում բեմում: Շատ դիրիժորներ, որոնց հետ աշխատել եմ, գաղափար անգամ չունեն, թե ինչ է կատարվում բեմում»,-նշեց բալետմայստերը:

Վինոգրադովի խոսքով՝ օպերային թատրոնի բալետային խումբը  պետք է հարստացնել դպրոցով, ավանդույթներով, խաղացանկով, և  խաղացանկի զարգացման այն  փուլերը, որոնք իրենք նախանշել են ու իրականացնելու են, կնպաստեն թատերախմբի առաջընթացին: «Հրաշալի բալետային խումբ է, որով պետք է հպարտանալ: Դուք հրաշալի տղամարդ մենակատարներ ունեք, որոնց պետք է պահել, անել հնարավորը, որ չհեռանան, որպեսզի նրանց բանակ չտանեն: Շատ են պրոֆեսիոնալները, որոնց  ջանքերով ներկայացումը կյանքի է կոչվել շատ կարճ ժամանակամիջոցում: Այսօր թատրոնը բարձունքում է, և բոլորն էնտուզիազմով են աշխատում ու սպասում են տոնին: Մենք կանենք ամեն բան, որ ձեր հրաշալի երկիրը պարծենա այս ներկայացմամբ»,-վստահեցրեց նա:

Վինոգրադովը բալետն արվեստի միակ ճյուղն է համարում, որը զարգացնում է Աստծո տված մարդկային գեղեցկության սկզբունքները: «Այն խորհրդանշում է կնոջ՝ մոր, տիկնոջ, քրոջ, հարազատի գեղեցկությունը, և մենք իրավունք չունենք այդ խորհրդանիշը տգեղ ներկայացնել»,-շեշտեց բալետմայստերը:

Օլեգ Վինոգրադովին ուրախացնում է այն, որ Հայաստանում իրեն հրաշալի մարդիկ են շրջապատում: Շատերը, որոնց հետ Վինոգրադովը ժամանակին այս կամ այն երկրում հյուրընկալել է, աջակցել է ինչ-ինչ հարցերում, սակայն անգամ չի հիշում այդ մասին,  այժմ գտնում են բալետմայստերին, հրավիրում իրենց տուն, ջերմ ընդունում, ինչը մեծ բավականություն է պատճառում Վինոգրադովին: Նա նորովի է սիրում Երևանն ու ընկալում այն: Կարծում է, որ Երևանը եվրոպական մշակույթի կրողն է, ոգևորվում է, որ Հայաստանում լավ են ռուսերեն խոսում, հոգատար են ու շատ բարի:

Օլեգ Վինոգրադովին տպավորել է «Գայանե» բալետային ներկայացումը, որը բեմադրել է իր ընկել Վիլեն Գալստյանը: «Դա հրաշալի ներկայացում է, որով հպարտանալ է պետք: Հանճարեղ է Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Նրա հետ ևս ընկերներ ենք եղել. Ամեն  անգամ հանդիպելիս հարցնում էր, թե երբ եմ բեմադրելու «Գայանե» բալետը: Ամբողջ կյանքում ցանկացել եմ դա անել, սակայն սյուժե չեմ կարողանում գտնել: Հրաշալի է նաև «Դիմակահանդեսը»: Կանեմ հնարավորը, որ այն նաև Պետերբուրգում լինի: Ինձ համար անսպասելի էր ունկնդրել զարմանալի «Բարեկամություն» անսամբլի կատարումները: Նորայր Մեհրաբյանը զարմանալի խորեոգրաֆ է: Հազվադեպ է պատահում, որ լավ պարողը փայլուն խորեոգրաֆ դառնա, իսկ Նորայրն Աստծո օրհնությամբ է այդպիսին»,-ասաց բալետմայստերը՝ խոստանալով մեծ տոն նվիրել արվեստի երկրպագուներին «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am