Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Փաշինյանը ներկայացրեց ԼՂ անվտանգության կարևորագույն ինստիտուտները, որոնք ամրագրված են եռակողմ հայտարարությամբ

Փաշինյանը ներկայացրեց ԼՂ անվտանգության կարևորագույն ինստիտուտները, որոնք 
ամրագրված են եռակողմ հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ, Լեռնային Ղարաբաղի միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարություններն, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են:

Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ: Եվ երրորդը, Լաչինի միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին՝ թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: «Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- հայտարարեց վարչապետը:

Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը: «Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»,- հայտարարեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am