Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հոգևոր, կրթական, մշակութային ծրագրեր. Բաթումի հայկական եկեղեցին՝ հայահավաքության և հայապահպանության կենտրոն

Հոգևոր, կրթական, մշակութային ծրագրեր. Բաթումի հայկական եկեղեցին՝ 
հայահավաքության և հայապահպանության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում, որն ունի հարուստ պատմամշակութային, հոգևոր ժառանգություն, հաճախ կարելի է հանդիպել մզկիթների, սինագոգների, քրիստոնեական եկեղեցիների, որոնց մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցին:

Հայաստանում Վրաստանի դեսպանության և Վրաստանում Աջարիայի Ինքնավար Հանրապետության զբոսաշրջության դեպարտամենտի նախաձեռնած մեդիաշրջագայության ընթացքում լրագրողները, որոնց թվում էին նաև «Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը,  շրջել են երկրի ամենատպավորիչ քաղաքներից մեկի՝ Բաթումի գեղատեսիլ վայրերում, այցելել են հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցի և կառույցի հայապահպան գործունեության մասին զրուցել ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի հետ:

«Հայ եկեղեցին հայահավաքության ու հայապահպանության կենտրոն է հատկապես Հայաստանից դուրս համայնքներում: Բաթումի հայկական եկեղեցին ևս փորձում է մեկ հարկի տակ համախմբել տեղի հայերին: Եկեղեցում, որը բաց է ամեն օր, կատարվում են ամենօրյա ժամերգություններ, իսկ կիրակի և տոն օրերին պատարագ է մատուցվում: Հաճախ պսակադրության, մկրտության ծեսեր են անցկացնում: Հետաքրքիր եկեղեցի է, որը երբեմն անվանում ենք «Հանդիպման եկեղեցի», որովհետև արտասահմանում ապրող հայերը Հայաստանում բնակվող հարազատների հետ հանդիպումներ են նախաձեռնում այս եկեղեցում»,-պատմում է Գումբալյանն ու հավելում, որ ամռանը եկեղեցին վերածվում է Հայաստանից եկած ուխտավորների հավաքատեղիի:

Լրագրողների մեր խումբը եկեղեցի էր այցելել Վարդավառից մեկ օր առաջ: Քահանայի խոսքով՝ Վարդավառը տեղի հայերի սիրած տոներից է, որին անդրադառնում է նաև եկեղեցին, որի բակում երեխաները կազմակերպում են տոնը՝ իրենց շուրջ համախմբելով միայն այն օտարերկրացիներին, որոնք ժպիտով են հետևում խաղին:

«Երեխաներին բացատրում ենք, որ Վարդավառը ժողովրդական տոն  է, ավանդույթ  ու երբեմն օտարները չեն կարող այն ընկալել, ուստի չի կարելի բոլորին ներգրավել խաղի մեջ»,-նշում է նա:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Սուրբ Փրկիչ եկեղեցին հոգևոր ծառայությունից զատ ծավալում է նաև կրթական, դաստիարակչական, մշակութային գործունեություն: 2018 թվականից եկեղեցուն կից գործում է «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային երիտասարդական կենտրոնը: Կենտրոնի գործունեությունը նպատակամղված է Բաթումում մեսրոպատառ հայերենի ուսուցմանն ու պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայ-վրացական բարեկամության խորացմանը:

Կենտրոնում գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանը, «Մեսրոպ Մաշտոց» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցը, «Մեր ապագան» երիտասարդական միությունը, «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական խմբակները, էլեկտրոնային լրատվամիջոց:

Քահանան նշում է, որ Վրաստանում ապրող հայկական համայնքը ռուսախոս է: «Երկու խնդիր ունենք մեր համայնքային կյանքում՝ կապված կրթական ծրագրերի հետ: Մեկը հայոց լեզուն ուսուցանելն ու պահպանելն է, մյուսը՝ վրացերեն սովորեցնելը: Հայ երեխաները հիմնականում գնում են ռուսական դպրոցներ և ավարտում են՝ չիմանալով հայերեն ու վրացերեն: Մեզ համար դպրոցի գաղափարը շենք ունենալը չէ, այլ մեր երեխաներին «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» սովորեցնելը»,-շեշտում է Տեր Արարատ քահանա Գումբալյանն ու տեղեկացնում, որ պետական աջակցության շնորհիվ չորս տարի առաջ Վրաստանի դպրոցներից մեկում հայ աշակերտների համար 12-ամյա պարտադիր ծրագրով սկսել են դասավանդել «Հայոց լեզու» և «Հայ գրականություն»:

Անդրադառնալով Բաթումում հայկական համայնքի ձևավորմանը՝ նա հիշեցնում է, որ հայերը գեղատեսիլ քաղաքում հաստատվել են 19-րդ դարի կեսին՝ գալով արևմտյան տարբեր շրջաններից՝ աշխատանք գտնելու նպատակով: Քահանայի խոսքով՝ մինչև Հայոց ցեղասպանությունը Բաթումում հաստատված հայեր եղել են: Հայ Առաքելական Եկեղեցուց բացի Բաթումում եղել է նաև Հայ Կաթողիկե Եկեղեցի: «Բաթումի հայ համայնքի պատմությունը շատ հարուստ է: Ունեցել ենք պետական թատրոն, երեք դպրոց քաղաքում և մեկ դպրոց գյուղում, գործել են մանկապարտեզներ: Քսան հազարից ավելի հայկական համայնք ենք ունեցել, իսկ այժմ՝ ութ հազար: Համայնքի մեծ մասը կապված է եկեղեցու հետ. շատ ակտիվ են»,-շեշտում է քահանան:

Տեր Արարատ քահանա Գումբալյանի համոզմամբ՝ հայապահպանությանը պետք է զգույշ մոտենալ.  այն պետք է լինի ամեն հայ ընտանիքի ապրելակերպը Հայաստանից դուրս: «Հայապահպանությունը չի եզրափակվում կիրակնօրյա դպրոց բացելով, մշակութային միջոցառումներ կազմակերպելով կամ ժողովրդական տոները նշելով: Հայապահպանությունը մեր ամբողջ կյանքն է»,-ընդգծում է քահանան:

Սուրբ Փրկիչ եկեղեցու նախնական փայտյա շենքը կառուցվել է 1874 թվականին: Շուտով փայտյա կառույցն ապամոնտաժվում է և նույն տեղում 1887-1898 թվականներին կառուցվում է նոր քարե շենք: Եկեղեցին կառուցելու հիմնական միջոցները հավաքվել են քաղաքի հայ համայնքի կողմից, ինչպես նաև հայտնի նավթարդյունաբերող և գործարար Ալեքսանդր Մանթաշովի բարեգործությամբ: Ճարտարապետն է  ավստրիացի Ռ. Մարֆելդը: Խորհրդային տարիների հաստատումից հետո եկեղեցին փակվում է, և շենքը գործում է իբրև աստղացուցարան: 1992 թվականին եկեղեցին վերադարձվում է  հայ համայնքին: Սկսել է գործել 1995 թվականից:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am