Առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել «Սուրմալու»-ում պայթյունից տուժածների մասին
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է բժշկական կենտրոններ, զրուցել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է նախարարի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կատարված գրառումից:
«Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող՝ պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Մահացել է 16 քաղաքացի, անհետ կորած է համարվում 3-ը:
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում