Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Էրդողանը և Ասադը կարող են հանդիպել Ուզբեկստանում. մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

Էրդողանը և Ասադը կարող են հանդիպել Ուզբեկստանում. մեկնաբանում է Շահան 
Գանտահարյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիների հակամարտությունից հետո պատմական վայրիվերումներով ընթացող թուրք-սիրիական հարաբերությունները կրկին կարգավորման նախանշաններ են ցույց տալիս: «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսելով այս թեմայի շուրջ՝ Լիբանանի «Ազդակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը շեշտեց, որ Թուրքիայի և Սիրիայի մերձեցման բոլոր նախադրյալները պետք է դիտարկել Ռուսաստան-Թուրքիա ռազմավարական համագործակցության շրջածիրում:

Թուրքական, արաբական, իրանական լրատվամիջոցներն այս օրերին գրում են, որ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ կարող են հանդիպել Ուզբեկստանում՝ Շանհայի համագործակցության (ՇՀԿ) կազմակերպության գագաթնաժողովում, որը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում:

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիրն իր տեսակետը ներկայացրեց այս տեղեկության վերաբերյալ՝ ասելով, որ արդեն որոշ ժամանակ է՝ խոսվում է Անկարա-Դամասկոս մերձեցման կամ հարաբերությունների վերահաստատման հնարավորությունների մասին, և նկատելի է, որ այս մասին Անկարայի պաշտոնական ներկայացուցիչները ավելի են բարձրաձայնում, քան Սիրիայի:

«Օրակարգում են նաեւ Սիրիայի ընդդիմության և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հաշտեցման նախաձեռնությունները Թուրքիայի կողմից: Չավուշօղլուն (Թուրքիայի ԱԳ նախարար-խմբ.) հայտարարել էր, որ երկու երկրների անվտանգության ծառայությունները արդեն խոսակից են եւ համատեղ քննարկումներ են անում ընդհանուր հարցերի շուրջ: Պարզ է, որ անվտանգային հարցերը վերաբերում են Անկարայի համար առաջին խնդրին՝ քրդական գործոնին»,- նշեց վերլուծաբանը:

Շահան Գանտահարյանը ուշադրություն է հրավիրում Թուրքիայի նախագահի այն հայտարարության վրա, որ իր երկիրը կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանն ու Ասադին հեռացնելու որեւէ նպատակ չունի:

«Մերձեցման այս բոլոր նախադրյալները, կարծում եմ, պետք է դիտարկել Մոսկվա-Անկարա ռազմավարական համագործակցության շրջածիրում: Չպետք է մոռանալ, որ Դամասկոսը նման գործողությունները, քայլերը եւ բեկումնային դիրքորոշումներն անպայման համաձայնեցնում է Մոսկվայի հետ: Գործընթացը պետք է ընկալել Մոսկվա-Անկարա համաձայնության պարունակում։ Հավելենք, որ մինչ այժմ Անկարային չի հաջողվում ձեւավորել անվտանգության գոտու այն աշխարհագրությունը, որն առաջադրել էր Սիրիայի պատերազմի առաջին փուլից: Եվ նա ոչ միայն Արեւմուտքի թույլտվությունը չուներ, այլ նաեւ Մոսկվայի»,- ընդգծեց Շահան Գանտահարյանը:

Թուրքիայի և Սիրիայի իշխող վարչակարգերի փոխհարաբերությունները ծայրաստիճան սրվեցին 2011-ին Սիրիայում արտաքին ուժերի կողմից հրահրված պատերազմի ընթացքում: Թուրքիան նախ միջնորդավորված պատերազմ էր վարում Սիրիայում՝ իսլամիստական ծայրահեղական խմբավորումների միջոցով փորձելով հեռացնել նախագահ Ասադին իշխանությունից, իսկ 2016 թ. օգոստոսին թուրքական զինված ուժերը ուղղակիորեն ներխուժեցին Սիրիայի տարածք՝ բռնազավթելով մի շարք տարածքներ երկրի հյուսիսում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am