Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Նոր աշխարհակարգում Հայաստանի վերելքը կապված է լինելու Հնդկաստանի հետ. հայ- հնդկական շահերը եզակիորեն համընկել են

Նոր աշխարհակարգում Հայաստանի վերելքը կապված է լինելու Հնդկաստանի հետ. հայ-
հնդկական շահերը եզակիորեն համընկել են

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերն ու հնդիկները աշխարհի հնագույն ժողովուրդներից են, որոնք կարևոր հետք են թողել մարդկության պատմության էջերում և այսօր էլ շարունակում են իրենց պատմական ուղին՝ խորացնելով երկկողմ հարաբերությունները նաև պաշտոնական մակարդակով: Ու թեև աշխարհագրորեն Հայաստանն ու Հնդկաստանը իրարից բավական հեռու են, այդուհանդերձ, լինելով Արևելքից դեպի Արևմուտք տանող առևտրատնտեսական ճանապարհների վրա՝ հայ և հնդիկ ժողովուրդները դեռևս հնագույն ժամանակներից հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային սերտ կապեր են հաստատել և սերտորեն առնչվել են միմյանց դարեր, եթե չասենք՝ հազարամյակներ շարունակ: Լավ լուրն այն է, որ բարեկամ երկու երկրներն այսօր հնարավորություն ունեն կրկին կապվելու իրար հետ նույն ճանապարհով՝ նպաստելով միմյանց ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և ազգային վերելքին:

Երկու ազգերն էլ բարդ ճանապարհ են անցել՝ պատմական տարբեր շրջափուլերում կորցնելով իրենց անկախությունը և երկար տարիներ պայքարելով օտար զավթիչների ու գաղութարարների դեմ։ Ընդ որում, որոշ դրվագներում դա արել են համատեղ ուժերով՝ ինչպես, օրինակ, 18-րդ դարի երկրորդ կեսին, երբ Բենգալիայում անգլիացի գաղութարարների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարը հայազգի Գորգին Խանն էր՝ Գրիգոր Հարությունյանը: Մյուս կողմից էլ, ինչը ևս շատ հատկանշական է, պարսից և օսմանյան տիրապետության տակ գտնվող Հայաստանի անկախ պետականության մասին գաղափարներն առաջին անգամ ի հայտ են եկել հենց Հնդկաստանում ապրող հայ մտավորականների ուղեղներում: Ի վերջո, 20-րդ դարում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Հնդկաստանը երկարատև մաքառումներից հետո վերանվաճել են իրենց անկախությունը և միջպետական հարաբերություններ հաստատել:

Ընթացիկ տարում Հայաստանն ու Հնդկաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը` 1992 թ. օգոստոսի 31-ին:

Հնդկաստանի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող հայ փորձագետները դիվանագիտական տարեդարձը շատ լավ առիթ են համարում դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները վերարժևորելու և Երևանի հայացքը դեպի Արևելք՝ ոչ միայն դեպի «Մետաքսի նոր ճանապարհ» կառուցող Չինաստան, այլև դեպի շախմատի, թեյի, յոգայի, փղերի, համեմունքների, բուդդիզմի և վերջապես բոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի հռչակավոր հայրենիք՝ ձևավորվող նոր աշխարհակարգում իր տնտեսական, գիտական ու տեխնոլոգիական մեծ ներուժով լուրջ հայտ ներկայացնող, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կառուցող Հնդկաստան ուղղելու համար: Ընդ որում, «բանալի» բառերն այստեղ ոչ թե Հնդկաստանի ավանդական այցեքարտերն են՝ լինի շախմատը, թեյը, փղերը թե Բոլիվուդը, այլ նրա ժամանակակից հնարավորություններն ընդգծող բնորոշումները: Հենց սա էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցի հիմնական ուղերձներից մեկը, որ ժամանակակից Հնդկաստանն այլևս այն չէ, ինչ հայ հեռուստադիտողը սովոր էր տեսնել Ռաջ Կապուրի սիրված, բայց շատ հին՝ դեռևս 1950-60-ական թթ. նկարահանված ֆիլմերում:

«Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդը, փղերը, թեյն ու յոգան», - ասել էր դեսպանը՝ հիշեցնելով, որ այսօր Հնդկաստանը աշխարհի 6-րդ խոշորագույն տնտեսությունն է 2.6 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև՝ հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը կարևորում է հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա տարեդարձը՝ շեշտելով երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և խորացնելու արդիականությունն ու անհրաժեշտությունը: Արևելագետը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Արևմուտք հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերի և այդ ծրագրերում Իրանին ու Հայաստանին վերապահված կարևորագույն դերի մասին:

«Հայաստանում շատ չեն խոսում և ուշադրություն չեն դարձնում այն իրողության վրա, որ այսօր Ասիայում, Չինաստանի՝ տնտեսական ուժ դառնալուց հետո, արդեն Հնդկաստանն է քայլեր ձեռնարկում իր տնտեսությունն ու իր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ և արդեն ունի ճանապարհներ հասնելու մեր տարածաշրջան և Մերձավոր Արևելք: Նա արդեն պատրաստ է և բացեիբաց հայտարարում է, որ ինքն ունի իր ծրագիրը, և այդ ծրագրում մեր տարածաշրջանից կարևորագույն դեր են ստանձնում Իրանը և Հայաստանը: Այդ իմաստով, այո՛, ես կարևորում եմ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի այս առիթը», - ասաց փորձագետը:

Այս համատեքստում արևելագետ Արարատ Կոստանյանը շեշտում է, որ հարկավոր է հնարավորություններ գտնել ավելի խորացնելու հայ-հնդկական հարաբերությունները՝ չմոռանալով, որ հայերը մեծ դեր են ունեցել Հնդկաստանում և մասնավորապես Կալկաթայում՝ որպես հայ համայնք, որը մինչև օրս կա և գործում է:

«Հնդիկ ժողովրդի և հնդիկ մասնագետների, քաղաքական գործիչների, պատմաբանների հիշողության մեջ դեռ վառ է հայ ներկայությունը Հնդկաստանում, և մինչ օրս անգլիալեզու գրքեր են գրվում Կալկաթայի հայ համայնքի մասին: Ուստի մենք պետք է, այդ իրողությունը հաշվի առնելով, կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական մակարդակում, այլև գիտական, կրթական, մշակութային և այլ առանցքային ոլորտներում, ինչու չէ՝ նաև ՏՏ ոլորտում, տեխնոլոգիաների համատեղ ստեղծման և մեծ շուկա մուտք գործելու բնագավառում», - հավելեց մասնագետը:

Հասարակական-քաղաքական գործիչ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, որն ուշի-ուշով հետևում է ոչ միայն տարածաշրջանային զարգացումներին, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում  խոսեց ձևավորվող «նոր աշխարհակարգի» և Հնդկաստանի աճող դերի ու հեղինակության մասին:

Վերլուծաբանը վստահ է, որ Հնդկաստանը շատ ավելի կարևոր դեր է ստանձնելու «նոր աշխարհակարգում»: Ընդ որում, այդ նոր աշխարհում կամ այլ կերպ ասած՝ «չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում», ըստ Գարեգին Չուգասզյանի, Հայաստանի և հայ ժողովրդի վերելքը կրկին կապված է լինելու Հնդկաստանի հետ, քանի որ երկու երկրները հնարավորություն ունեն կապվելու իրար Հնդկաստանից մինչև Եվրոպա ձգվող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով:

Չուգասզյանի խոսքով՝ Հնդկաստանի առաքելությունն այդ նոր աշխարհակարգում շատ առումներով եզակի է լինելու, քանի որ նա մի կողմից աշխարհի ամենահին մշակույթներից մեկի կրողն է, մյուս կողմից՝ ժամանակակից տեխնոլոգիաների և չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնորդ երկրներից է դառնում:

«Մարդկությունն ունի խորը հոգևոր ժառանգության և տեխնոլոգիական առաջադիմության յուրացման այդ սինթեզի կարիքը», - կարծում է վերլուծաբանը:

Այդ առումով Գարեգին Չուգասզյանը ակնհայտ նմանություններ է տեսնում հայ և հնդիկ ժողովուրդների միջև, քանի որ երկուսն էլ, լինելով շատ հին ժողովուրդներ և կարևորելով իրենց ինքնությունը, իրենց արմատներն ու մշակույթը, միաժամանակ կարողացել են մշտապես թարմանալ, նորանալ, հարմարվել նոր իրավիճակին և յուրացնել գիտական նոր հայտնագործություններն ու տեխնոլոգիաները:

«Նախորդ դարաշրջանի փորձը ցույց է տալիս, որ մեր՝ հայ ժողովրդի վերելքը, թարմացումը ուղղակիորեն կապված է եղել Հնդկաստանի հետ, այնտեղ են ծնվել հայկական պետականության, սահմանադրության նոր գաղափարները: 16-17-րդ դդ. հայերը գնացին Հնդկաստան և այնտեղից վերադարձան թարմ գաղափարներով: Եվ ես կարծում եմ, որ նույնը տեղի է ունենալու նոր բացվող չորրորդ արդյունաբերական դարաշրջանում. բոլոր մեծ ու փոքր ինքնությունները պիտի նորանան: Ինչպես ասացի՝ հայերն ու հնդիկներն այդ առումով շատ նման են իրար: Եվ քանի որ կան ընդհանուր շահեր, հայ-հնդկական շահերն այսօր աշխարհում եզակիորեն համընկել են. թեև մենք փոքր երկիր ենք, բայց Հյուսիս-Հարավ առանցքի վրա գտնվող երկիր ենք, մեծ շղթայի փոքր օղակ ենք, իսկ Հնդկաստանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կառուցող հիմնական երկրներից մեկն է, ուստի այդ հիմքի վրա մենք կարող ենք շատ լուրջ համագործակցություն ծավալել», - մեկնաբանեց Գարեգին Չուգասզյանը:

Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը հանդիսավոր կերպով նշվել էր օգոստոսի 15-ին Հնդկաստանի Անկախության 75-րդ տարեդարձի առթիվ Երևանում Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում: Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել էր Հնդկաստանի կառավարությանը և բարեկամ հնդիկ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ շեշտելով, որ Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումը և ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը իր հերթին նշել էր, որ Հայաստանը Հնդկաստանի վստահելի գործընկերն է:

Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. օգոստոսի 31-ին: Կիշան Դան Դեվալը ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թ. սեպտեմբերի 13-ին: 2021 թ. հուլիսի 6-ից Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Յուրի Բաբախանյանն է: 2021 թ. հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան եկավ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Դա Հնդկաստանի արտգործնախարարի՝ պատմության մեջ տեղի ունեցած առաջին այցն էր Հայաստան: 2022 թ. ապրիլի 25-28-ը աշխատանքային այցով Հնդկաստան մեկնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հուլիսի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հայերի և հնդիկների փոխհարաբերությունների մասին ամենավաղ փաստագրական հիշատակումները գալիս են դեռևս մ.թ.ա. 5-4-րդ դդ. և արձանագրված են հույն պատմիչ Քսենոփոնի (մ.թ.ա. 430-350 թթ.) «Կյուրոպեդիա» աշխատությունում: Ըստ Հնդկաստանի դեսպան Կ. Դ. Դեվալի՝ մ.թ.ա. 50 թվականին հնդիկ երկու արքայազն մեծաթիվ բնակչության հետ միասին արտագաղթել է Հնդկաստանի Կաննուջ քաղաքից և հաստատվել Արևմտյան Հայաստանում, որտեղ տեղի հայ բնակչությունը մեծ սիրով ու հյուրընկալությամբ է ընդունել նրանց:

Ժամանակի ընթացքում միգրացիոն շարժեր եղել են նաև հակառակ ուղղությամբ: Հատկապես նոր ժամանակներում՝ 16-18-րդ դդ., Հայաստանից, Նոր Ջուղայից մեծ թվով հայեր են գաղթել դեպի Հնդկաստան և հաստատվել Ագրա, Կալկաթա, Մադրաս, Բոմբեյ և այլ քաղաքներում՝ հիմնելով Հնդկաստանի նշանավոր հայ համայնքն ու ակտիվորեն ներգրավվելով տեղի առևտրատնտեսական ու հասարակական կյանքին: Նրանց մեջ շատ էին հատկապես առևտրականները, զինվորականները, պետական ծառայողները, օրինակ՝ հայտնի հայ վաճառական խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը (1680-1751) կամ օրինակ՝ 1760-ական թթ.  Բենգալիայում անգլիացի գաղութարարների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատար Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան): Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել նաև հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուրիշներ։ Հենց այս համայնքում են Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը և այլ ականավոր հայ գործիչներ 1770-ական թթ. հիմնել Մադրասի նշանավոր խմբակը, որը մեծ դեր պիտի խաղար այն ժամանակ դեռևս օտար տիրապետության տակ գտնվող Հայաստանի ազգային-ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am