Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. ՀՀ ԱԺ նախագահ

Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. 
ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ:

«Մենք առանձնապես կարեւորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է: Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ»,- շնորհակալություն հայտնելով գործընկերոջը հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ նշել է Ալեն Սիմոնյանը:

Շալվա Պապուաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ կողմերն անդրադարձել են այցի շրջանակում խորհրդարանների արտաքին հարաբերությունների եւ մշակութային հարցերով մշտական հանձնաժողովների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրերի կարեւորությանը:

Ընդգծվել է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը՝ շեշտելով դրանց՝ խորհրդարանների փոխնախագահների կողմից ղեկավարվելու փաստը: ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ կրթամշակութային համագործակցության հարթակը լավ խթան է Վրաստանի բուհերում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի ամբիոնի զարգացման հնարավորությունների համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Նա հավելել է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է եւ բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն եւ դրա հետեւանքներին:

Կողմերը քննարկել են Վրաստանի հայ համայնքին, առաջիկա համատեղ նախագծերին առնչվող աշխատանքային հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am