Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Հայ բեմի «մետաքսե դուստրը»

Հայ բեմի «մետաքսե դուստրը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մետաքսյայի արտահայտչական միջոցները շատ են, ճիշտ է, բայց լավագույնը, ըստ իս, ձայնական տվյալների հարստությունն է, որով խոսքը նրա շուրթերում ոչ միայն բազմերանգ է եւ ախորժալուր, այլեւ հասնում է սրահին դերասանուհու ներաշխարհի լրիվ ամբողջությամբ: Բացի թեթեւ մի քանի հետքերից, որ ժառանգ է մնացել Մետաքսյային Արուսի խոսելակերպից, խոսքի վարպետությունը Մետաքսյայի շրթներում լավագույն զենքն է նրա համար բեմում, եւ նա իր կարիերայի սկզբի օրերից սովորեց գործածել այդ զենքը… Սա մի հազվագյուտ շնորհ է, որով Մետաքսյան, ըստ խոսքի պահանջի եւ հեղինակի հղացման, տարբեր կին է տարբեր կերպարներում, ինչպես նույն այդ տվյալ կերպարի տարբեր րոպեներում…»:

«Ճապուկ ու սլացիկ» թեթեւություն ունեցող, հաճելի, «մետաքսե աղջկան»՝ մեր գեղանի դերասանուհուն այսպես էր բնութագրելու բեմական արվեստի գահաթոռի տիրակալ Վահրամ Փափազյանը, այն դերասանուհուն, ում բախտ էր վիճակվել բեմ բարձրանալ ժամանակի հսկաների՝ նույն Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի եւ այլ մեծերի հետ ու նրանց կողքին, ընդամենը մի քանի տարում հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական դասական ու ժամանակակից, հռչակված ու նորահայտ դրամատուրգների պիեսների բեմադրություններում հանդես գալ գրեթե նույն հաջողությամբ:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում է ծնվել հայ բեմի «մետաքսե աղջիկը»: Յոթ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվում են Հայաստան: 1948-ին ավարտում է թատերական ինստիտուտը, նույն թվականին հրավիրվում մայր թատրոն: Բայց մինչ ուսումնառությանն հրաժեշտ տալն էր հաջողությամբ  մարմնավորել զվարթ ու կենսախինդ Կատերինայի դերը «Քնքուշ սրտից պատուհաս»-ում, խոհուն եւ սիրառատ Անանիինը՝ «Էլի մեկ զոհ»-ում: Առաջին հիշարժան դերերից էին համարվելու Արմանուշը՝ «Այս աստղերը մերն են» ներկայացման մեջ: Փայլուն դերակատարում, որի համար 1950-ին ԽՍՀՄ պետական մրցանակի էր արժանանալու, Նինան՝ «Դիմակահանդես»-ում, որտեղ գլխավոր՝ Արբենինի դերակատարը պատկառազդու Վահրամ Փափազյանն էր: Նինայի դերակատարումն աչքի է ընկել կանացի հմայքով եւ գրավչությամբ, անաղարտ հոգու բանաստեղծական թրթիռներով:

Ինչպես բեմարվեստի խորագիտակներն են վկայում՝ Մետաքսյա Սիմոնյանը հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի, Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները: Նույն հաջողությամբ հանդես է եկել նաեւ ռուսական, արեւմտաեվրոպական եւ հայ հեղինակների պիեսներում, խաղացել ե՛ւ կատակերգական, ե՛ւ ողբերգական դերեր: Դերասանուհին գեղեցիկ, զրնգուն ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ տասնյակ տարիներ մնալու էր թատրոնի առաջատարի դիրքում, կերտելու էր անմոռանալի կերպարներ՝ Շուրա՝ Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլիչովը եւ ուրիշներ», Դեզդեմոնա, Ջուլիետ, Կորդելիա՝ Վիլիամ Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Լիր արքա», Սուսան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս», Հուդիթ՝ Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա», Նուարդ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», Կատրին Լեֆեւր՝ Վիկտորիեն Սարդուի եւ Էժեզիպ Մորոյի «Մադամ Սան-Ժեն, Մարթա՝ Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» պիեսներում: Ստեղծագործական կյանքի բարձունքին խաղալու էր նաեւ Նաստասիա Ֆիլիպովնայի դերը Ֆյոդոր Դոստոեւսկու «Ապուշ»-ում: Ցնցող դերակատարում, որով սքանչացած ռուս հայտնի ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովն ասելու էր. «Այսպիսի Նաստասիա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում…»:

Տարաբնույթ հերոսուհիների նրա պատկերաշարը հարստացել է Նենսիի՝ «Բրոուդիի ամրոցը», Նանարի՝ «Արյուն եւ վարդեր», Քսենյայի՝ «Հիվանդանոցում», Տատյանայի՝ «Բեկում», Մարգարիտի՝ «Ամուսիններ», Փառանձեմ՝ «Ավերված քաղաքի առասպելը» ներկայացումներում: Կատարողական վարպետության չափորոշիչն էլ կերտած կանացի պատկերասրահի անհերքելի ամրագրումն էր լինելու՝ Մայր թատրոնի դիցուհուն շնորհվելու էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:

Իսկ ո՞ր հայ հերոսուհու մարմնավորումն է, որ առավել տպավորվել ու հուզել է մոգական հմայքով օժտված «մետաքսե աղջկան». «Ինձ հաճախ է բախտ վիճակվել թատրոնում հանդես գալ հայ կանանց դերում: Դրանցից ինձ հատկապես սիրելի են Սուսանն ու Անանին: Եվ ահա նրանց ավելացավ երրորդը՝ Շուշանիկը… Նորից ու նորից բացում եմ Շիրվանզադեի «Քաոսը», արդեն քանիերորդ անգամ լսում Շուշանիկին, տեսնում նրան, ու հետզհետե պարզ է դառնում, որ իմ հերոսուհու արտաքին գեղեցկության ու քնքշության տակ թաքնված է մեծ, ուժեղ մի հոգի… Արդեն տրված է տասներորդ ներկայացումը, բայց ես զգում եմ, որ դեռ չի ավարտվել այն աշխատանքը, որը բեմական Շուշանիկին կմոտեցնի իմ պատկերացման մեջ ապրող Շուշանիկին…»:

Կատարելության հասցնելու մոգական ձգտում, որի արդյունք են Մետաքսյա Սիմոնյանի դերասանական ահռելի հունձքն ու վաստակը: Իսկ կինոյո՞ւմ: Նվազ չէ նրա վաստակը նաեւ այս բնագավառում. Անահիտ՝ նույնանուն ֆիլմում, Անուշ՝ «Արարատյան դաշտի աղջիկը», Զարուհի՝ «Ում է ժպտում կյանքը», Գայանե՝ «Թռիչք անդունդի վրայով», էպիզոդիկ դերեր «Խաթաբալա», «Հուսո աստղ», «Ամենալավ մարդը», «Տերը» կինոնկարներում, Արշա՝ «Կամոյի վերջին սխրանքը», ի վերջո՝ Աննայի անմոռանալի դերը մշտապես սիրված «Սայաթ Նովա» էկրանավորումում: Պատկերացնել կարելի է միայն, թե էլ ինչ գեղեցիկ ու մնայուն դերեր կկերտեր տաղանդավոր դերասանուհին, եթե իր ապրելիք կյանքը չշրջանագծվեր ընդամենը  61 տարիների սահմաններում: Կյանք, որ ցոլանում էր իր գեղաշուք արվեստի համապատկերում… 

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]