Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ընտրությունների նշանակման մասին

Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ընտրությունների նշանակման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել մայիսի 14-ին երկրում համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է Անկարայի Բեշթեփե նախագահական նստավայրում, արարողությունը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:

Ավելի վաղ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում՝ Էրդողանը հաստատել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Էրդողանի մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն է՝ Ազգային հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար՝ հաշվի առնելով ավելի քան 46 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժերը և երկրի ծանր տնտեսական վիճակը:

Թուրքիայի նախագահի կողմից ընտրությունների հրամանագրի ստորագրումից հետո ակնկալվում է, որ Բարձրագույն ընտրական խորհուրդը կհավաքվի շաբաթ օրը՝ մարտի 11-ին, և հանրությանը կհայտարարի, որ ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Եթե ​​ընտրությունների երկրորդ փուլ լինի, ապա այն կանցկացվի մայիսի 28-ին։

Ակնկալվում է, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 16-ին կամ 18-ին:

Պատգամավորների թեկնածուների ցուցակները Բարձրագույն ընտրական խորհուրդ պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 9-ը. այս ամսաթիվը կարող է փոխվել՝ կախված քարոզարշավի մեկնարկի ամսաթվից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]