Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Իրանում հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը

Իրանում հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան 
հաղթահարել առկա լարվածությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը չեն ծառայում որևէ երկրի շահերի, իսկ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու համար հարկավոր է շարունակական երկխոսություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածություն է ստեղծում, ինչից կօգտվեն տարածաշրջանի անվտանգության և կայունության թշնամիները», - մեջբերել է նրա խոսքը Press TV-ն:

Շամխանին հավելել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու «կոշտ մոտեցմանը» պետք է փոխարինեն շարունակական երկխոսությունը և շփումները:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Կովկասում զգայուն ժամանակաշրջան է, և հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը:

«Տարածաշրջանի բոլոր կողմերին Իսլամական Հանրապետության կարևորագույն խորհուրդներից են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և տարածաշրջանային մարտահրավերները խաղաղ ճանապարհով կարգավորելու համատեղ ջանքերը», - նշել է Շամխանին։

Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, Արմեն Գրիգորյանն իր հերթին շեշտել է, որ Իրանը «կարևոր դեր» է կատարում Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին Իրանում աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Iran Front Page-ի հաղորդմամբ էլ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Իրանին Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am