Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Էրդողանին հաջողվել է ուղղորդել ընտրությունների քարոզարշավի տեղեկատվական նարատիվը. քննարկում Արևելագիտության ինստիտուտում

Էրդողանին հաջողվել է ուղղորդել ընտրությունների քարոզարշավի 
տեղեկատվական նարատիվը. քննարկում Արևելագիտության ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է իր ձեռքը վերցնել, ձևավորել այդ երկրում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հիմնական տեղեկատվական, քարոզչական նարատիվը և ուղղորդել այն։ Այս կարծիքը հայտնել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում կայացած «Թուրքիան առանցքային ընտրությունների շեմին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ինստիտուտից, կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ակադեմիական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Սաֆրաստյանն, անդրադառնալով Թուրքիայի ընտրապայքարի առանձնահատկություններին, նշել է, որ եթե մինչև երկրաշարժը իրադարձությունների զարգացման հեռանկարրը քիչ թե շատ հստակ էր՝ նախագահական պայքարի երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակի և խորհրդարանում ընդդիմության մեծամասնություն ձևավորելու առումով, ապա ավերիչ երկրաշարժն էականորեն փոխեց նախընտրական քարոզարշավի ընդհանուր լանդշաֆտը։ Նման իրավիճակի առաջացման պատճառը նաև երկրաշարժին հաջորդած օրերին կատարված թալանն է, որի մեղավորները մինչ օրս չեն հայտնաբերել։ Իշխանությունների կողմից աղետի գոտում տուժածներին օգնություն տրամադրվել է ընտրողաբար, ինչն առաջացրել է բնակչության արդարացի դժգոհությունը։

Ըստ արևելագետի` սկզբնական շրջանում տպավորություն էր, որ ընդդիմությունը կկարողանա օգտագործել երկրաշարժի, կոռուպցիոն վիճակի, թալանի հետ կապված բազմաթիվ խնդիրներ նախընտրական արշավում, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում Էրդողանին հմտորեն հաջողվել է երկրաշարժի բացասական հետևանքները երկրորդ պլան մղել և ընդդիմությանը զրկել դրանք իր օգտին օգտագործելու հնարավորությունից։ Ընդհանուր առմամբ Էրդողանին հաջողվել է իր ձեռքը վերցնել, ձևավորել հիմնական տեղեկատվական, քարոզչական նարատիվը և ուղղորդել այն։ Նա կարողացել է նաև տարբեր քարոզչական հնարքներով վարկաբեկել և թուլացնել մրցակից ընդդիմությանը։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ թուրքական բանակն աղետի գոտու փրկարարական աշխատանքներին ներգրավվել է միայն երրորդ օրը, ինչը հնարավոր է պայմանավորված էր Էրդողանի անհանգստություններով ու վախերով, թե բանակը կարող է ինչ-ինչ գործողությունների գնալ։ Ռուբեն Սաֆրաստյանը նաև փաստել է, որ իշխանությունների հիմնական մրցակից ընդդիմադիր դաշինքը՝ «Վեցի հարթակը», բավական թուլացած է, չունի միասնականություն։ Նրա դիտարկմամբ՝ չնայած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատայի կուսակցությունն աջակցում է նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, այդուհանդերձ, այս ընտրություններում քրդական հարցը ետին պլան է մղվել Էրդողանի ջանքերով։ Նախընտրական պայքարի հիմնական թեմաները թելադրում է Էրդողանը՝ Թուրքիայի հաջողությունների շարունակակական ցուցադրություններ՝ առաջին ատոմակայանից մինչև ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ։ Նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն դժվարանում է համարժեք պատասխանել կառավարության այդ օրակարգերին՝ փորձելով կենտրոնանալ տնտեսական խնդիրների վրա։ Արտաքին քաղաքական ոլորտում էրդողանական շրջանակը մանիպուլյացիոն կերպով օրակարգում է պահում հակաամերիկյան խոսույթը, որը տարածված է թուրքական հասարակության շրջանում։ Դրանով նաև իշխանությունները ցանկանում են թուլացնել ընդդիմությանը, քանի որ այն ասոցացվում և կապվում է Արևմուտքի հետ։

Ամփոփելով վերոնշյալը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ առավելությունն Էրդողանի օգտին է, և նա այս պահին հաղթող դիրքերում է։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանը քննարկման բացման խոսքում նշել է, որ քննարկման նպատակը ակադեմիական և փորձագիտական հանրույթի մասնակցությամբ ընտրական մրցապայքարի, քաղաքական ուժերի, նախագահի թեկնածուների ծրագրերի և տեսլականների առանձնահատկությունների վերհանումը, սոցիալ-քաղաքական իրավիճակի գնահատումը, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական գործընթացների շրջանակներում հնարավոր զարգացումների ուրվագծումն է։ Նրա խոսքով՝ արդյունքների գնահատման ու հեռանկարների վերհանման նպատակով նախատեսվում է ևս մեկ քննարկում կազմակերպել ընտրություններից հետո։

Թուրքիայի բաժնի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանն անդրադարձել է ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրային, գաղափարախոսական ասպեկտներին և թեկնածուներին՝ ներկայացնելով ընդհանուր քաղաքական խճապատկերը։ Նա նկատել է, որ մարտի 27-ին Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հաստատել է երկրի նախագահի պաշտոնին հավակնող հիմնական չորս թեկնածուներին, որոնցից հատկապես հետաքրքիր են երկուսը՝ Մուհարեմ Ինջեն (մայիսի 11-ին Մուհարեմ Ինջեն հայտարարեց նախագահական մրցապայքարից թեկնածությունը հանելու մասին) և Սինան Օղանը (քանի որ Էրդողանի և Քըլըչդարօղլուի շուրջ քննարկումներն ու վերլուծությունները տարածված են)։ «Մուհարեմ Ինջեն ընտրապայքարին բավականին ուշ միացավ՝ որպես անկախ թեկնածու։ Նա 2018թ․ նախագահական ընտրություններում ևս Էրդողանի մրցակիցն էր, ստացել էր ընտրողների ձայների շուրջ 30%-ը և ներկայացնում էր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը։ Ընդդիմադիր դաշտից վերջինիս առաջարկվել էր հանել թեկնածությունը՝ միասնական ընդդիմությանը չվնասելու համար, սակայն նա հրաժարվել էր։ Ըստ բանախոսի՝ շրջանառվող տեսակետ կա, որ Ինջեի թեկնածության առաջադրումը միտված է հիմնական ընդդիմադիր դաշինքից ձայներ տանելուն։ Մյուս թեկնածուն՝ Սինան Օղանը, ծագումով ադրբեջանցի է, երկար տարիներ ապրել և դասավանդել է Ադրբեջանում։ Նրա թեկնածությունը պաշտպանում են Թուրքիայում ծայրահեղ աջ ազգայնական ուժերը։ Կարծիք կա, որ այս թեկնածուին ֆինանսական աջակցություն է տրամադրում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը։ Ընդդիմադիր հիմնական թեկնածուին՝ Քեմալ Քըլըչդարօղլուին աջակցող քաղաքական ուժերի բազմազանությունը վկայում է, որ դաշինքում գաղափարական և արժեհամակարգային միասնություն չկա. նրան սատարողներին միավորող միակ ընդհանրությունն Էրդողանին իշխանությունից հեռացնելու ձգտումն է, և դեռ հարց է, թե իշխանության գալուց հետո այս բազմատարր դաշինքն ինչպես է գործելու, բաժանարար գծերն ինչպես են հաղթահարվելու։

Անուշ Հովհաննիսյանն ընդգծել է, որ թեև ընտրապայքարը պաշտոնապես մեկնարկել է այս տարի, այնուամենայնիվ, դեռևս 2022թ. հոկտեմբերին Էրդողանի՝ «Թուրքիայի հարյուրամյակն է սկսվում» վերտառությոմբ ելույթը սկիզբ դրեց նրա նախընտրական արշավին։ Էրդողանն այս ընտրապայքարում շահարկում է ռազմաարդյունաբերական ձեռքբերումները, մեծապես օգտագործում ծայրահեղ ազգայնական ու իսլամական կուսակցությունների (Ազգայնական շարժում, Մեծ Միություն, Հյուդա-փար), կրոնական թարիքաթների ու եղբայրությունների (օրինակ՝ Մենզիլ), նրանց վաքըֆների ու ցանցերի ներուժը։ Այդ թարիքաթները բավական լավ ցանցային համակարգ ու ֆինանսական հնարավորություններ ունեն։ Ըստ Անուշ Հովհաննիսյանի՝ Էրդողանը կանի ամեն հնարավորը, որպեսզի ընտրապայքարի երկրորդ փուլ չլինի, սակայն ամենաշատ քննարկվող սցենարը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունն է։ Կարող է ստեղծվել նաև այնպիսի իրավիճակ, երբ նախագահի պաշտոնում հաղթող ուժը խորհրդարանում չունենա մեծամասնություն, ինչը ներքաղաքական ճգնաժամ կառաջացնի»։

Ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը, ներկայացնելով երկու հիմնական մրցակցող դաշինքների արտաքին քաղաքական ծրագրերի ու տեսլականների առանձնահատկությունները, համեմատական շեշտադրումները, նշել է, որ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախընտրական հռչակագիրն առավել շատ կենտրոնացված է ներքաղաքական, պետական խնդիրների վրա, մինչդեռ արտաքին քաղաքականության բաղադրիչը բավական համեստ և ընդհանրական է ներկայացված։ Ըստ Հովսեփյանի՝ սա հավանաբար փոխզիջումային ընդհանրական ծրագիր է, որը նախնականորեն կբավարարեր դաշինքի տարբեր գաղափարախոսական, արժեքային, արտաքին քաղաքական տեսլականներ ունեցող միավորներին։ Ընդդիմադիր դաշինքի հռչակագրում շեշտվում է քեմալական արտաքին քաղաքականության՝ «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» կարգախոսի՝ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն առաջնային դարձնելու մասին։ Ընդգծվում է տարածաշրջանի երկրների անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու, ներքին գործերին չմիջամտելու, տարածաշրջանային հակամարտություններում անկողմնակալ հանդես գալու անհրաժեշտությունը։ Մյուս կարևոր շեշտադրումը վերաբերում է ներքաղաքական հաշվարկների ու գաղափարախոսական շեղումների վրա հիմնված արտաքին քաղաքականությանը վերջ տալուն։ «Սրանք էրդողանական խիստ անձնավորված, կողմնակալ ու գաղափարականացված  արտաքին քաղաքականությանը հակադրվելու դեմոնստրատիվ շեշտադրումներն են։ Ընդդիմության ծրագիրը նախատեսում է արտաքին քաղաքականության վերաձևման, որոշումների կայացման ու իրականացման գործում ԱԳՆ-ին վերադարձնել իր դերն ու նշանակությունը, ինչպես նաև վերանայել ԱԳՆ-ի անձնակազմի ապահովման գործող մեխանիզմները։

Ըստ զեկուցողի՝ այս դրույթներն ու ընդդիմությանը սպասարկող խորհրդականների կողմից ներկայացված մոտեցումները ենթադրում են արտաքին քաղաքականության ինստիտուցիոնալիզացիա, իրականացման ռացիոնալիզացիա և ապաանձնականացում՝ զերծ ներքաղաքական շահերով պայմանավորված մանիպուլյացիոն վարքագծից։ Հռչակագրի որոշ շեշտադրումներ հիմք են տալիս ենթադրելու, որ ընդդիմությունը ձգտում է վերահաստատել Թուրքիայի դերն Արևմուտքում։ Բանախոսը նկատեց, որ Քըլըչդարօղլուի համար արտաքին քաղաքականությունը համեմատաբար անծանոթ ոլորտ է, և մեծ դեր են ունենալու խորհրդականները (Ունալ Չևիքյոզ, Ահմեթ Էրոզան և այլք): Որպես կանոն՝  նման դեպքերում խորհրդականները հակված են զգուշավոր ու կանխատեսելի արտաքին քաղաքականության՝ խուսանավելով լրացուցիչ ռիսկայնությունից: Ակնհայտ է, որ տնտեսական կայունացումը, պետական կառավարման համակարգի վերափոխումը, օրենքի գերակայությունը, որոնք հռչակվել են որպես առաջնահերթություններ, պահանջելու են ռեսուրսների գերկենտրոնացում, իսկ նման իրավիճակում արտաքին քաղաքականությունը կարող է կառուցվել այդ ներքին օրակարգերին աջակցության պրիզմայով։ Թեև շատ հարցերում ամփոփ որոշումներ դեռ չկան, ինչն օբյեկտիվորեն հասկանալի է, հիմնական որոշված հարցը կարող է լինել ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակը։ Ընդդիմության հաղթանակի դեպքում արտաքին քաղաքականությունը լինելու է բավական բարդ՝ պայմանավորված նախընտրական դաշինքի կամ կոալիցիայի միասնականությունից, ինչը դժվար է լինելու ապահովել»։

Լևոն Հովսեփյանի դիտարկմամբ՝ «Ժողովուրդ» դաշինքի արտաքին քաղաքական ծրագիրը մասնագետների համար արդեն ճանաչելի է։ Նախընտրական մանիֆեստն արտաքին քաղաքականությանը առանցքային տեղ է հատկացրել, և այն ավելի շատ տեսլական է, որը էրդողանական արտաքին քաղաքականության հավակնոտ շարունակականությունն է։  Գլխավոր նպատակը «Թուրքիայի առանցքի» ձևավորումն է՝ ռազմավարական ինքնավարության հասնելու ձգտումով։ Անընդհատ շեշտվում է մեծ ու հզոր Թուրքիայի, միջազգային համակարգում գլոբալ դերակատար լինելու և արտաքին քաղաքականության ազդեցությունը մեծացնելու մասին։  Ծրագիրն աչքի է ընկնում ԱԶԿ-ին բնորոշ գաղափարախոսական ու քաղաքակրթական առաքելության բաղադրիչներով։ Առանցքային նպատակ է հռչակվում «Լիարժեք անկախ Թուրքիայի» կառուցումը քաոտիկ միջազգային համակարգում, որում գերակա տեղ է հատկացվում ուժային բաղադրիչին։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանն անդրադարձ է կատարել այս ընտրություններում քրդական գործոնին և դրա նշանակությանը։ Նրա դիտարկմամբ՝ 2000-ականների վերջերից սկսած քրդամետ ուժերը բավական մեծ էլեկտորատ ունեն Թուրքիայում։ «2018թ․ ընտրություններում պարզ դարձավ, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը մոտ 60 մանդատ՝ 11% քվե ստացավ խորհրարանում։ Էրդողանը ևս  կարողացել է մշտապես օգտագործել քրդական գործոնը նախընտրական գործընթացներում։ 2002թ. հետո քրդերի նշանակությունը Թուրքիայի նախընտրական գործընթացներում բավականին կարևոր նշանակություն է ստացել՝ շնորհիվ Էրդողանի քրդական քաղաքականության։ Դա հատկապես ակներև է դառնում  2002թ. հետո կայացած ընտրությունների արդյունքները վերլուծելիս, երբ ԱԶԿ-ն և Էրդողանը նկատելի առավելություն են ստանում այն շրջաններում, որտեղ բնակչության կողմից իշխանությանը սատարելը ամենաքիչ հավանականն է թվում։ Սա պայմանավորված է այն իրողությամբ, որ  Էրդողանը հմտորեն տարանջատում է քրդերին Քրդստանի աշխատավորական կուսակցությունից (PKK): Տաթևիկ Մանուկյանն ուշադրություն է գրավել այն հանգամանքի վրա, որ քրդական շրջաններում բավական ազդեցիկ է «գյուղական պահապանների» համակարգը, որը սպասարկում է իշխանություններին և ապահովում նրանց վերահսկողությունը տեղերում: Սրանում է Էրդողանի՝ բավականաչափ քրդական էլեկտորատ ունենալու գաղտնիքը։ Էրդողանի և Թուրքիայի իշխանությունների համար PKK-ն կարևոր գործիք է, որը միշտ փորձել են գործիքայնացնել իրենց ներքին ու արտաքին քաղաքական նպատակների համար։ Քրդական շրջանակներում վերջերս քննարկման թեզ է դարձել «Էրդողանը՝ նոր Սալահ ադ-Դին» գաղափարը, ըստ որի՝ վերջինս կմիավորի քրդերին և թուրքերին։ Սա միանշանակ վկայում է Էրդողանի հանդեպ քրդերի ունեցած որոշակի համակրանքի մասին և թույլ տալիս եզրակացնել, որ գալիք ընտրություններում Էրդողանը կկարողանա պահել և միգուցե ավելացնել իր քրդական էլեկտորատը։  Ընդդիմադիր «Վեցի հարթակին» քրդամետ ԺԴԿ-ի աջակցությունը կարող է «տրոյական ձիու» նշանակություն ունենալ ընդդիմադիր դաշինքի և Քըլըչդարօղլուի համար։

Ներկայումս հատկապես Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում ԺԴԿ-ի հեղինակությունն այնքան էլ բարձր չէ. նախկինում դա պայմանավորված էր Սալահաթթին Դեմիրթաշի ազդեցիկ գործոնով։ Ըստ բանախոսի՝ քրդական հանրույթում շրջանառվում է այն գաղափարը, որ իրենք Թուրքիայում ավելի բարեկեցիկ կարող են ապրել՝ հեռու մնալով PKK-ից։ Թուրքերի հետ մեկ երկրում՝ ուժեղ Թուրքիայում ապրելու ավանդույթը՝ որպես օսմանյան ընդհանուր անցյալի ժառանգություն, հետզհետե ավելի տարածում է գտնում երկրի հարավ-արևելքում ապրող քրդերի շրջաններում։ Թուրքիայում քրդական հարցը մնում է զուտ երկրի քաղաքացիության տրամաբանության սահմաններում»։ 

Զեկուցումներից հետո մասնակիցները հանդես են եկել հարցադրումներով ու դիտարկումներով, ծավալվել է ակտիվ մտքերի փոխանակում։ Քննարկման մասնակիցները գնահատել են նաև ընտրական գործընթացների և հետընտրական հնարավոր զարգացումների ազդեցությունը միջազգային հարաբերությունների ու տարածաշրջանային անվտանգության խնդիրների տեսանկյունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am