Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ՀՀ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության բովանդակության վերաբերյալ

ՀՀ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին մանրամասներ է 
ներկայացրել ԼՂ հակամարտության բովանդակության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Շատ եմ կարևորում նման այցելությունները և հանդիպումները: Իրականում բարձրաստիճան այցելությունները միայն նպաստում են երկրների հարաբերությունների զարգացմանը: Մեր երկու երկրները խորհրդարանական են, ուստի նման այցելություններն ավելի կարևոր են դառնում: Այս առումով շատ կարևոր է նաև, որ Սլովենիայի խորհրդարանում 2022 թվականին ստեղծվել է Հայաստան-Սլովենիա բարեկամական խումբը: Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակի կհասնեն:

Վստահ եմ, որ Ձեր այցելությունն իր բովանդակությամբ հագեցած է և միտված է մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Հաջողություններ եմ մաղթում Ձեզ այդ գործում»:

Ըստ աղբյուրի՝ Ուրշկա Կլակոչար Զուպանչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Մեծ պատիվ է այստեղ գտնվելն ու Ձեր կողմից հյուրընկալվելը: Այստեղ գալուց առաջ շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ազգային ժողովի նախագահի հետ: Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Մեր երկրները մի շարք ընդհանրություններ ունեն. երկու երկրներն էլ հետսոցիալիստական են, եղել են անցումային փուլերի մեջ, մենք նաև փոքր ժողովուրդներ ենք:

Այսօր առավոտյան ծանոթացել եմ Ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կարծում եմ շատ կարևոր է, որ մարդիկ այցելել նման հուշահամալիրներ և հարգանքի տուրք մատուցեն: Կարևոր է, որ հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Սլովենիայի և Հայաստանի սերտ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am