Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մոտ ապագայում սպասվող Բայդեն-Սի Ծինփին հանդիպումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ․ չինագետ

Մոտ ապագայում սպասվող Բայդեն-Սի Ծինփին հանդիպումը կարող է 
շրջադարձային նշանակություն ունենալ․ չինագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Պեկինում կայացած հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ բազմաբևեռ աշխարհակարգում գլոբալ իրավիճակն առանց այդ էլ կայուն չէ, և նույնիսկ միջուկային զենքերի օգտագործման հավանականությունն առանձին տարածաշրջաններում բավականին մեծացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց չինագետ Մհեր Սահակյանը՝ անդրադառնալով չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարին։

Նշենք, որ երկօրյա այցով Պեկինում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր այցի վերջում հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Չինաստանի նախագահը հայտարարել է, որ երկու կողմերն առաջընթաց են գրանցել և համաձայնության հասել մի շարք կոնկրետ հարցերի շուրջ։ Կողմերը համաձայնել են հետևել այն ընդհանուր փոխըմբռնմանը, որին երկու երկրների ղեկավարները հասել են Բալիում անցյալ տարվա նոյեմբերին կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Ներկա փուլում ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակությունի ունի ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի համար, և,  եթե նրանք գտնեն լուծումներ, որոնց միջոցով կկարողանան երկուստեք լարվածությունը թոթափել ու խուսափել ուղիղ առճակատումից, ապա դա միանշանակ դրական ազդակ կլինի նաև միջազգային հարաբերություններում առկա կոնֆլիկտները լուծելու համար»,- ասաց Սահակյանը։

Չինագետի դիտարկմամբ՝ Պեկինում կայացած հանդիպումը կրում էր նախապատրաստական բնույթ, որպեսզի ապագայում անմիջականորեն բանակցեն նախագահներ Սի Ծինփինն ու Ջո Բայդենը՝ քննարկելով գլոբալ հիմնախնդիրներ՝ կապված նույն պատժամիջոցների հետ, թեև մյուս կողմից էլ ակնհայտ է դառնում, որ մոտ ապագայում, ըստ Սահակյանի, տեսանելի մեծ քայլեր չեն լինի չինական կողմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հարցում, և ԱՄՆ-ն դեռ կփորձի պատժամիջոցների միջոցով ճնշել Չինաստանի տեխնոլոգիական զարգացումը։

«Երկկողմ հանդիպումներն այնքան կարևոր են, որ հնարավորություն են տալիս լիցքաթափել լարված իրավիճակը, քանի որ կողմերը տեսնում են, թե ինչ է կատարվում եվրոպական տարածաշրջանում, մասնավորապես Ուկրաինայում, որտեղ արդեն ռմբահարվում են միջուկային և ռազմավարական նշանակության օբյեկտները, ինչի հետևանքները շատ շուտով իրենց վրա կզգան բովանդակ Եվրոպայի բնակիչները, ուստի կփորձեն նման խնդիրներն առկախել Թայվանի հետ կապված հիմնահարցում»,- նշեց չինագետը։

Սահակյանի կարծիքով՝ եթե Թայվանում պատերազմ բռնկվի, ապա դրանից կտուժի միջազգային աշխարհատնտեսական համակարգը, մանավանդ որ գլոբալ զարգացման կենտրոնը վաղուց տեղափոխվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։  Նրա համոզմամբ՝ զգուշավոր քաղաքականությունը կդրդի ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներին լուծումներ գտնել, ուստի այդ տեսանկյունից նախատեսվելիք Բայդեն-Սի Ծինփին հանդիպումն իսկապես կարող է ունենալ շրջադարձային նշանակություն։       

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am