Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Ժնևում նշվել է հայկական կինեմատոգրաֆիայի 100-ամյակը

Ժնևում նշվել է հայկական կինեմատոգրաֆիայի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևի հանրահայտ «Գրյուտլի» կինոթատրոնում հունիսի 17-ին մեծ շուքով և շուրջ 200 հանդիսատեսների ներկայությամբ նշվել է հայ կինոյի 100-ամյակը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, հոբելյանական միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ կինոփառատոնի համատեղ ջանքերով։ Վերջինս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային ամենամյա միջոցառումներից մեկն է։

FIFOG 1.jpeg (91 KB)

«Նշանավորելու համար հայկական կինեմատոգրաֆիայի 100-ամյակը, փառատոնի շրջանակներում անցկացվեց «Հայկական օր», որտեղ ներկայացվեցին միջազգային կինոփառատոների մասնակցած ու մրցանակներ շահած հայկական արտադրության երկու ֆիլմեր` «Ամերիկացին» և «Դրախտի դարպասը»: Առաջինն ամերիկահայ Մայքլ Գուրջյանի ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և 20-րդ դարի քառասունական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի (գլխավոր դերում նույնպես Մայքլ Գուրջյանն է) պատմությունը։  Երկրորդը՝ ծագումով արցախցի Ջիվան Ավետիսյանի ֆիլմն է, որը ներկայացնում է գերմանացի հայտնի ֆոտոլրագրողի և արցախցի օպերային երգչուհու ռոմանտիկ պատմությունը՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ֆոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

FIFOG 8.jpg (79 KB)

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի դաշնային կառավարության մշակույթի գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը, Ժնևի քաղաքապետարանի մշակույթի ու թվային տեխնոլոգիաների վարչության պետ Սամի Քանաանը, Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային  18-րդ փառատոնի նախագահ Ռոմանի Ժանը և խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Բանախոսներն անդրադարձել են հայկական հարուստ մշակույթին, կինեմատոգրաֆիային, ներկայացրել հայ ֆիլմարտադրության պատմությունը, անդրադարձել հայկական կինոյի երախտավորներին, խոսել հայ ժողովրդի պատմության և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման վրա դրա ունեցած ազդեցության մասին։ Նշվել է, որ հայկական կինեմատոգրաֆիայի 100-ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2022-2023 թթ. օրացույցում։  

Նշվում է, որ «Հայկական օրվա» շրջանակներում իրենց ֆիլմերը ներկայացրել են ռեժիսորներ Մայքլ Գուրջյանը և Ջիվան Ավետիսյանը, որոնք հատուկ այս առիթով ժամանել էին Ժնև։ Նրանք հանդիսատեսին են ներկայացրել իրենց ֆիլմերի հիմնական ուղերձը, անդրադարձել ֆիլմերի ստեղծման առանձնահատկություններին, պատմել դրանց ուղղությամբ իրականացված աշխատանքի մանրամասները, խոսել պատմական այն ժամանակաշրջանների մասին, որոնք արտացոլված են ֆիլմերում և պատասխանեցին ներկաների հարցերին։    

FIFOG.jpeg (305 KB)

Միջոցառման պաշտոնական հատվածի ավարտից հետո, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվել է ընդունելություն, որի շրջանակներում հյուրերին է մատուցվել հայկական գինի։    

Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի դաշնային և Ժնևի նահանգային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի համալսարանի և այլ գիտակրթական հաստատությունների ղեկավարներ, հասարակական ու մշակութային գործիչներ, արվեստագետներ, կինոարտադրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]