Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայկական սփյուռքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի նորարարական լուծումների վրա հիմնված Հայաստան կերտելու գործում․փարիզյան համաժողովի մասնակիցներ

Հայկական սփյուռքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի նորարարական 
լուծումների վրա հիմնված Հայաստան կերտելու գործում․փարիզյան համաժողովի 
մասնակիցներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ (AGBU) նախաձեռնությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում հունիսի 23-ին տեղի է ունեցել  համաժողով՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։

unnamed (1).jpg (468 KB)

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջադեմ ներկայացուցիչներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանն առնչվող կարևոր հարցեր։ 

«ԱՊՐԻ Արմենիա»-ի  նախագահ Լարա Սեդրակյանը բացման խոսում ներկայացրել է համաժողովի հիմնական թեզերը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմակայելու հնարավորությունները:

unnamed (5).jpg (108 KB)

Համաժողովի առաջին հատվածում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող կարևոր հարցեր։ Նշված համատեքստում մեծ արձագանք է ունեցել հատկապես Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոի ելույթը։ Հատկանշական է, որ համաժողովի նախօրեին Լաուզոն գտնվում էր Հայաստանում։ Իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է Հայաստան կատարած իր այցին, խոսել ղարաբաղյան հակամարտության մասին՝ ներկայացնելով սահմանային ընդհանուր իրավիճակը:

Համաժողովին որպես բանախոս ներկա էր նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը, ով ավելի վաղ՝ սույն թվականի մայիսին, ժամանել էր Հայաստան և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկել էր ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը՝ շեշտելով ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։

unnamed (4).jpg (105 KB)

Համաժողովի առաջին հատվածում ելույթներով հանդես են եկել նաև France24-ում միջազգային հարաբերությունների հարցով մեկնաբան Աղմել Շաղյեն, Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների և ԵՄ ուսումնասիրությունների գծով դոցենտ Լոռ Դելքուռը,  «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան Արանչա Գոնսալես Լայան, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Ժակ Ֆորը և այլոք։

Համաժողովի երկրորդ մասում հնչած ելույթների ժամանակ շեշտը դրվել է  Հայաստանում կայուն գյուղատնտեսության, տրանսֆորմացիոն տեխնոլոգիաների և էկոհամակարգի կողմից ընձեռվող հնարավորությունների մեծացման հեռանկարի վրա։ Մի շարք հայ ձեռներեցներ («Նաիրիան» մաշկի խնամքի միջոցների հիմնադիր Անահիտ Մարկոսյան, «Զուլալ» ընկերության հիմնադիր Էյմի Քեուշգուերյան, «ԱրմԱս» գինեգործարանի գործադիր տնօրեն և համահիմնադիր Վիկտորյա Ասլանյան և այլոք) կիսվել են իրենց փորձով և ներկայացրել հաջողության հասնելու բանաձևը։ Նրանք կոնկրետ ծրագրերով մատնանշել են, թե ինչպես են իրենց գործունեությամբ ուժեղացնում Հայաստանի տնտեսական և բիզնես հնարավորություններն ու էկոհամակարգերը՝ ավելի դիմակայուն երկիր կառուցելու համար։

Համաժողովում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ խոսելով մասնավորապես ոլորտում առկա հնարավորությունների, Հայաստանի մրցունակությունն ապահովելու և ապագայի երկիր ստեղծելու իրենց ջանքերի մասին։

«ԱՊՐԻ Արմենիա»-ի  փոխնախագահ Անահիտ Փիլիպոսյանն, ամփոփելով համաժողովի աշխատանքները,  հանդես է եկել համապատասխան կոչով՝ գործնական քայլեր ձեռնարկել, հայկական սփյուռքն ավելի ակտիվորեն ներգրավվի նորարարական լուծումների վրա հիմնված Հայաստանի կառուցման աշխատանքներում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս պայմանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am