Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ 
հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 14-ին հանդիպել է Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և դրական դինամիկայի պահպանման նպատակով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների անցկացումը: Ընդգծվել է մինչ օրս բազմակողմ հարթակներում անմիջական շփումների ինտենսիվությունը, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման նշանակությունը:

Արարատ Միրզոյանը և Ժուաու Կռավինյուն քննարկել են հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Նշվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի աշխուժացման, ներդրումային ծրագրերի հեռանկարները պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ:

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտները, մտքեր են փոխանակվել համատեղ ընթացիկ և նոր ծրագրերի կյանքի կոչման շուրջ:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև բազմակողմ օրակարգին առնչվող հարցերը: Քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում առկա փոխգործակցությունը:

Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային հարցերին: Արարատ Միրզոյանն իր պորտուգալացի գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղում առկա անվտանգության և մարդասիրական լուրջ մարտահրավերները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից արդեն 7 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը չեն նպաստում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: Նա շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները:

Արարատ Միրզոյանը շեշտել է նաև Բաքվի կողմից առավելապաշտական նկրտումներից և հռետորաբանությունից, ագրեսիվ գործողություններից հրաժարվելու, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Նախօրեին ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ ևս քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերին, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը: Ընդգծվել է վերջինիս կարևոր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կայունության ամրապնդման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am