Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Արարատ Միրզոյանի թեհրանյան և մոսկովյան այցերը տրամաբանական են և սպասելի․ իրանագետի վերլուծությունը

Արարատ Միրզոյանի թեհրանյան և մոսկովյան այցերը տրամաբանական են և 
սպասելի․ իրանագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի թեհրանյան և մոսկովյան այցերը տրամաբանական են և սպասելի։ Երբ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղն ընդունելով նրա կազմում և ակնկալելով խաղաղության պայմանագրի ստորագրում, այդժամ Իրանում և Ռուսաստանում ծագեցին որոշակի մտահոգություններ ոչ այն առումով, որ նրանք տարակարծություններ ունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում կամ դեմ են խաղաղության հաստատմանը, այլ պարզապես Թեհրանում և Մոսկվայում անհանգստացած են Արևմուտքի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի հնարավոր արդյունքից, այսինքն՝ թե ինչ կլինի դրանից հետո մեր տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի տարածաշրջանային այցերին և դրանցով պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն հուլիսի 24-ին Թեհրանում հանդիպել է իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, և քննարկել ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային արդիական գործընթացներին առնչվող հարցեր։ Նշելով, որ որոշ օտարերկրյա կողմեր ​​ձգտում են շահարկել կովկասյան տարածաշրջանում առկա տարաձայնությունները, Աբդոլլահիանը կարևորել է տարածաշրջանի երկրների միջև «3+3» ձևաչափը, և հայտարարել Իրանի պատրաստակամության մասին՝ անցկացնելու հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Հուլիսի 25-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի նաև Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Եթե Արևմուտքի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում էապես նվազի Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում և մեծանա հավաքական Արևմուտքի ու նրա հիմնական խաղավար Թուրքիայի դերակատարությունը, ապա այդ հանգամանքն, ինչ խոսք, կհարուցի Թեհրանի և Մոսկվայի հակազդեցությունը, որոնք ամեն ինչ կանեն իրադարձությունների նման սցենարը խափանելու համար և տարածաշրջանային այցերի համատեքստում իրենց մոտեցումները կփոխանցեն հայկական կողմին, իսկ վերջինս պետք է բացատրի, թե ինչ է ակնկալում խաղաղության գործընթացից և տա երաշխիքներ, որ Արևմուտքի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի և Իրանի կենսական շահերի համար, այլ իսկապես միտված են խնդիրներն ու հակամարտությունները լուծելուն»,- նշեց Առաքելյանը։      

Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ու Իրանը դիտորդի կարգավիճակով չեն սպասելու և, անշուշտ, գործելու են ակտիվորեն, որպեսզի ապագայում չլսեն հայտարարություններ մեր տարածաշրջանում ռուսական ներկայության կամ Հյուսիս-Հարավ միջանցքի հետագա գործարկման աննպատակահարմարության մասին։ Ռուսաստանն ու Իրանն ունեն պոտենցիալ ներուժ, որպեսզի խափանեն իրենց համար ոչ նպաստավոր զարգացումները Հարավային Կովկասում, հետևաբար, գործում են միասնաբար և փոխկապակցված՝ ունենալով ընդհանուր շահերի լայն տիրույթ։      

«Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Իրանը ՌԴ-ի կողմից ստացավ կանաչ լույս՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ավելի մեծ դերակատարում ունենալու համար, որովհետև այս պահին Ռուսաստանի գերխնդիրն Արևմուտքի աջակցությունը վայելող Ուկրաինայում տանուլ չտալն է, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են ավելի քան մեկ տարի։ Ռուսաստանը գերզբաղված է որոշ ուղղություններով, հետևաբար, ցանկանում է առանձին տեղերում բացը լրացնել իր բնական դաշնակից Իրանով։ Մոսկվայում համոզված են, որ Իրանը նույնպես թույլ չի տա, որ Հարավային Կովկասը վերածվի Արևմուտքի ազդեցության գոտու»,- ասաց իրանագետը։

Առաքելյանը վկայակոչեց Հանթինգտոնի այն դոկտրինը, որում ռուսական, իրանական և չինական քաղաքակրթությունների սերտ ու հարաճուն ակտիվությունը ներկայացված է որպես լուրջ մարտահրավեր բովանդակ Արևմուտքի համար, հետևաբար, այդ աշխատության մեջ կոչ է արվում ամեն ինչ անել, որպեսզի այդ եռյակի միասնությունը չկայանա և ուժերը չմիավորվեն։ Այդ նպատակին հասնելու համար ստեղծվում են համապատասխան պլացդարմներ։ Այսպես՝ նույն Արևմուտքն այսօր պատժամիջոցներ է սահմանում Իրանի հանդեպ՝ փորձելով ապակայունացնել նրա սահմանները, ռուս-ուկրաինական հակամարտությունում աջակցում է Կիևին, իսկ թայվանական խնդրով սադրում է Չինաստանին։ 

«Չպետք է մոռանալ նաև այն իրողությունը, որ Արևմուտքի հիմնական խաղավարը մեր տարածաշրջանում Թուրքիան է։ Ոչ վաղ անցյալում Էրդողանը հայտարարեց, որ խոչընդոտների պատճառը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։  Թուրքիան, ունենալով տնտեսական մեծ պրոբլեմներ, ցանկանում է դրանք լուծել Արևմուտքի աջակցությամբ և միջոցներով, ուստի ավելի է թեքվում նրա կողմը։ Պարզ է, որ Անկարան պետք է նաև հաշվի նստի Թեհրանի հետ, սիրաշահի նրան, որպեսզի իր նախանշած թուրանական միջանցքի միջոցով կապվի Կենտրոնական Ասիայի հետ՝ ապահովելով իր գերակա դիրքը նոր աշխարհակարգում, առավել ևս, որ մեծ ռեսուրսներ չունի և ցանկանում է բացը լրացնել՝ ներկայանալով որպես էներգակիրների տարանցման ցանկալի ու հարմարավետ հաբ։ Նման ծրագրի իրականացման դեպքում Հայաստանը կհայտնվի համաթուրանական հորիզոնական ուղու վրա»,- եզրափակեց իրանագետը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am