Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Եվրոպական երկրներում Ղուրանի այրման դեպքերը կարող են հանգեցնել գլոբալ հակամարտության նոր փուլի․ Խաչատրյան

Եվրոպական երկրներում Ղուրանի այրման դեպքերը կարող են հանգեցնել գլոբալ 
հակամարտության նոր փուլի․ Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրներում Ղուրանի այրման դեպքերը կարող են ընկալվել որպես փնթի ժողովրդավարության դրսևորում կամ էլ կարող են ուղղորդված լինել՝ հանգեցնելով այնպիսի կոնֆլիկտի, որի արդյունքում Եվրոպա մուտք գործող իսլամադավան անձանց թվաքանակը կկրճատվի։ Չի բացառվում, որ Հին աշխարհամասում արմատական իսլամիստների կողմից կլինեն վրեժխնդրության նոր դրսևորումներ։ Եթե Ղուրանի այրման կապակցությամբ գումարվում է Իսլամական կոնֆերանսի երկրների արտակարգ նիստ, նշանակում է, որ արդեն բարձրացել է իսլամական աշխարհի դիմադրության հարցը, ինչը կարող է գլոբալ հակամարտության նոր փուլի հանգեցնել։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց, ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնոլով մահմեդականների սուրբ գրքի այրման վերջին դեպքերին և հնարավոր հետևանքներին։

Նշենք, որ Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Ասդոլլահիանը և Սալեմ Աբդուլլահ ալ-Ջաբեր աս-Սաբահը արդեն իսկ հեռախոսազրույցում դատապարտել են Եվրոպայում Սուրբ Ղուրանի պղծման կրկնությունը և կոչ են արել շտապ գումարել Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ։  Հիշեցնենք, որ Ղուրանի այրման վերջին դեպքը գրանցվել էր օրեր առաջ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

«Թե ինչպիսի մտայնությամբ են առաջնորդվում Ղուրանն այրող, փախստական դարձած և սոցիալ-քաղաքական խնդիրներով առաջնորդվող մարդիկ, առաջին հայացքից դժվար է բացատրել իսլամական աշխարհի պրիզմայով։ Իսլամական համայնքները, որպես կանոն, ամբողջական են՝ միտված իրենց ներսում խոցելի խմբերի պաշտպանությանը։ Այս հանգամանքը ոչ մի կերպ չի խոսում նրանց օգտին, ում բողոքը կարող է դիտարկվել որպես իսլամի թերացում և դրդել Ղուրանն այրելուն։ Ղուրանը մահմեդականների համար միակ սուրբ գիրքն է, որը, նրանց բնորոշմամբ, դրված է Աստծո գահի տակ և ինքն իրենով պայմանավորում է անձի բարեպաշտությունը, ով կարողանում է իր մեջ ամփոփել նրա հոգևոր բովանդակությունը, հետևաբար Ղուրանն այդ առումով առանձնահատուկ նշանակություն ունի իսլամադավան անձանց շրջանում։ Առհասարկ սուրբ գրքերի հանդեպ վերաբերմունքը բոլոր կրոններում բացառիկ է, և պետք է միշտ հաշվի նստել այս իրողության հետ»,- ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ Ղուրանի հանդեպ հրապարակավ խիստ քննադատական վերաբերմունք ցուցաբերելն առհասարակ կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Դրա համար պատժվել են բազմաթիվ մարդիկ, որոնցից թերևս ամենահայտնին հնդիկ գիտնական Սալման Ռուշդին է։ 1988 թվականին նրա՝ լույս տեսած «Սատանայական բանաստեղծություններ» վեպն արժանացավ մուսուլման հավատացյալների ծայրահեղ բարկությանը, որի պատճառը Մուհամմադ մարգարեի կերպարի բացասական օգտագործումն էր վեպում։ Ռուշդին նշել էր, որ մարգարեի ականջին, գուցեև, շշնջացել է սատանան։ Իրանի հոգևոր առաջնորդը հանդես եկավ նրան պատժելու կոչով ու, չնայած Ռուշդին գտնվում էր բրիտանական հատուկ ծառայությունների պաշտպանության ներքո, այդուհանդերձ 2022 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած հանրային միջոցառման ժամանակ դանակահարվեց։ Գրողը վնասվածքներ էր ստացել պարանոցին, ստամոքսին և աչքին։

Խաչատրյանի կարծիքով՝ Եվրոպական պետություններում շատ լավ գիտակցում են, թե ինչ հետևանքներ կարող են լինել Ղուրանի այրման պատճառով։ Առաջին երկիրը, որտեղ հրապարակվեցին Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները, Դանիան էր, որն իր հերթին կրեց տնտեսական ահռելի կորուստներ՝ զրկվելով իսլամական աշխարհի հետ ունեցած առևտրական շահութաբեր կապերից։ Ղուրանի այրման դեպքերը, բնականաբար, հանգեցրել են հակընդդեմ գործողությունների, որոնց արդյունքում Նոր Կտակարանի այրման դեպքեր են գրանցվել Պակիստանում և Ինդոնեզիայում։ Ջակարտայում եղել են նաև բռնություններ քրիստոնյաների նկատմամբ՝ ճակատագրական ելքով։ Խաչատրյանի պնդմամբ՝ ճիշտ չէ, որ եվրոպացիները քրիստոնեության հետ կապված վիճահարույց  հարցերին մոտենում են նույն կերպ, ինչպես իսլամին։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ղուրանն այրում են նաև փախստական մահմեդականները՝ հարվածի տակ դնելով ժողորդավար եվրոպական երկրների իշխանություններին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ մի բան է, երբ թույլատրվում են նման ակցիաները, մեկ այլ բան, երբ դրանք իրականանում են ոստիկանական ուժերի հսկողության ներքո։ Ի տարբերություն մահմեդականների, քրիստոնյաների մոտ ընդունված է սեփական կրոնի նկատմամբ քննադատական վերաբերմունքի ցուցաբերումը նույն խոսքի ու խղճի ազատության շրջանակներում։ Քրիստոնեությունը ներսից տորպեդահարվել է այնքան, որքան հնարավոր է։ Հենց այդ պատճառով է, որ քրիստոնյաների քանակն ամբողջ աշխարհում տարեցտարի նվազում է։ Օրինակ ՝ԱՄՆ-ում նրանց թավաքականը յուրաքանչյուր տարի կրճատվում է մեկ տոկոսով։

«Իսլամն ու քրիստոնեությունը զանգվածների վրա ունեն վերահսկողության տարաբնույթ մեխանիզմներ և հասարակությանը մեկ ուղղությամբ տանելու զանազան հնարավորություններ։ Եթե քրիստոնյա եկեղեցիներն այսօր ի վիճակի չեն լուրջ ուժագիծ մշակել և այդ ճանապարհով առաջնոդել հավատացյալներին, ապա մահմեդականների պարագայում այդպես չէ, նրանց նույն  ուժագծի վրա դնելն առանձնակի մեծ խնդիր չէ։ Ես ուսումնասիրել եմ, օրինակ, Ղազախստանում տեղի ունեցած կրոնական փոփոխությունները՝ ականատես լինելով, թե ինչպես է իսլամն, այնուամենայնիվ, խստագույնս հետևում, որ սեփական ազդեցությունը, նույնիսկ նորովի մեկնաբանության դեպքում, պահպանվի նույն մակարդակում։ Այդ առումով մահմեդականների կրոնը խիստ պահպանողական է, հետևաբար Ղուրանի պղծման դեպքերը չեն կարող մնալ անարձագանք»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am