Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայտնի են սփյուռքից հայրենադարձությունը խթանող «Ներուժ» ծրագրի հաղթող թիմերի անունները

Հայտնի են սփյուռքից հայրենադարձությունը խթանող «Ներուժ» ծրագրի հաղթող 
թիմերի անունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքից մասնագիտական հայրենադարձությունը խթանող «Ներուժ» ծրագիրը, որն անցկացվում է արդեն 4-րդ անգամ, այս տարի Դիլիջանում մեկ հարկի տակ էր համախմբել 22 թիմի՝ աշխարհի 7 երկրից: 

Դասախոսություններով, սեմինարներով, մենթորային հանդիպումներով, մշակութային այցերով, ժամանցային միջոցառումներով հագեցած 6-օրյա ծրագրից հետո հանձնաժողովի որոշմամբ՝ գաղափարի փուլում գտնվող թիմերից 1-ին տեղը զբաղեցրեց «Propulsion Lab»-ը, 2-րդ տեղը` «Dynamica»-ն, 3-րդ տեղը` «Maestrolls»-ը, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչվեց «Waveye Inc» ընկերությունը, 2-րդ տեղը զբաղեցրեց «Parsl.ai»-ը, 3-րդ տեղը` «OQNI» ընկերությունը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը նշեց, որ՝ ծրագիրն իր գործիքակազմով խթանում է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հայրենադարձությունը Հայաստան գալը և նրանց մասնագիտական ունակությունները հայաստանյան բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի մեջ օգտագործելը: 

IMG_4659.JPG (298 KB)

«Նախորդ տարիներից ունենք բազմաթիվ հաջողված ստարտափներ, որոնցից որոշներն ունեն պրոդուկտ, իսկ որոշներն էլ դեռևս մշակման փուլում են: Շատ հաջող պատմություններ ունենք ինչպես նախորդ տարվանից, այնպես էլ «Ներուժ 2»-ից և «Ներուժ 1»-ից: Նախորդ տարի ունեցել ենք 3 հաղթող, որոնցից 3-ն էլ բիոտեխնոլոգիական ոլորտն էին ներկայացնում»,- նշեց նա: 

Հաղթողներին ընտրելիս՝ ուշադրություն են դարձրել նորարարության բաղադրիչին, իրագործելիության չափանիշին, շուկա մուտք գործելու հնարավորություններին և գաղափարին: Որևէ ոլորտի վրա հատուկ շեշտադրում չի եղել, քանի որ կարևորում են տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության բոլոր ճյուղերում:

Միրզոյանն ընդգծեց՝ բացի դրամական աջակցությունից, որը ընկերությունները օգտագործում են սեփական պրոդուկտի զարգացման, շուկա մուտք գործելու, մարքեթինգի և այլ ծախսերի վրա, օգնում են նաև բիզնեսի կայացման հարցերում: 

IMG_4655.JPG (250 KB)

«Մենք հետևողական աշխատանք ենք տանում: Հետևողական ենք նաև ընկերությունների՝ տարբեր ֆոնդերից ու ներդրողներից ստացած ներդրումների նկատմամբ: Իրենց հաջողությունը մեր հաջողությունն է: Վերջնանպատակը այդ ընկերություններին միաեղջյուր  (unicorn)  կարգավիճակում տեսնելն է»,- ասաց նա:

Միրզոյանի խոսքով՝ նախարարության գերնպատակը որակյալ ստարտափներ ունենալն է, որոնք մեծ հաջողություններ կգրանցեն, դրա համար այդ ստարտափներին ընկալում են որպես իրենց ընկերություններ և ջանք չեն խնայում դրանց զարգացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար: 

Տեխնոլոգիական ոլորտի անընդհատ զարգացմանը զուգընթաց, ծրագիրը հղկվում է: Միրզոյանի խոսքով՝ «Ներուժ»-ը կարող են հաջողված համարել, եթե մասնակից ընկերությունները շարունակեն իրենց աշխատանքը: «Ներուժ» ծրագիրը  շարունակական բնույթ է կրելու:  

Ստարտափը կարող է մասնակցել «Ներուժ» ծրագրին, եթե ունի նախապես ձևավորված թիմ, հիմնադիրը (կամ համահիմնադիրների առնվազն 50%-ը), ունի/ունեն հայկական ծագում, չի/չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի (բացառությամբ երկքաղաքացիների), վերջին 12 ամիսների ընթացքում չի/չեն բնակվել ՀՀ-ում կամ հայրենադարձվել է/են վերջին 6 ամիսների ընթացքում, գտնվում է գաղափարի կամ պրոդուկտի մակարդակում, գործում է կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում, հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ստացել դրամաշնորհ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, հիմնադիրը (համահիմնադիրները) ցանկանում է (են) Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ և բնակվել Հայաստանում առնվազն 1 տարի:

2018 թվականին մեկնարկած «Ներուժ» պետական ծրագրի նպատակն է խթանել Սփյուռքի մասնագիտական հայրենադարձությունը` նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am