Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ամուր հիմք՝ աշխատաշուկայում առաջին քայլերը կատարելիս․ ՃՇՀԱՀ-ի շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները

Ամուր հիմք՝ աշխատաշուկայում առաջին քայլերը կատարելիս․ ՃՇՀԱՀ-ի 
շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գառնիում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ 

i2.jpg (76 KB)

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան՝ աշխարհին պետք է ներկայանա իր կրթված երիտասարդներով, որոնք,  ապավինելով գիտելիքի ուժին,  պատրաստ են ամրացնել ու շենացնել իրենց հայրենիքը, դառնալ խաղաղության, համերաշխության և միասնական աշխատանքի դեսպաններ Հայաստանում և ամբողջ աշխարհում։ 

«Սիրելի շրջանավարտներ, վստահեցնում եմ ձեզ, որ մասնագիտական գործունեության բոլոր ոլորտներում դուք  պահանջված եք, գիտեմ որ ձեզանից շատերը արդեն ներգրավված են մասնագիտական գործունեության մեջ»,- ասել է նա:

i3.jpg (117 KB)

Վարդանյանը նաև շնորհավորել է Համալսարան ընդունված առաջին կուրսեցիներին՝ վստահեցնելով, որ ստանալու են որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթություն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, դիմելով շրջանավարտներին,  նշել է, որ կարճ ժամանակում նրանք վերածվել են հավաստագրված բակալավրների և մասնագետների, ձեռք են բերել մասնագիտական ​​գիտելիքներ, որոնք թույլ են տալիս ակտիվորեն մասնակցել Հայաստանում ընթացող հսկայածավալ շինարարության բոլոր փուլերին՝ օբյեկտի նախագծումից մինչև դրա կառուցումը, և հետագա շահագործման հանձնելը:

i7.jpg (79 KB)

«Կասկածից վեր է, որ, աշխատելով իրական օբյեկտների՝ շենքերի և շինությունների, ճանապարհների նախագծման և կառուցման ոլորտում, դուք անմիջապես կզգաք պատասխանատվության մեծ աստիճան ձեր կայացրած որոշումների համար, քանի որ հնարավոր սխալների հետևանքները, ցավոք, այլևս, ինչպես ուսանողական տարիներին, չեն շտկվի միայն ցածր  գնահատական ստանալով: Եվ դա միայն կխրախուսի ձեզ ընդունել ավելի լավ մտածված, գիտակցված, ստուգված և հիմնավորված որոշումներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ճարտարապետության և շինարարության բոլոր պահանջներին»,- ասել է Սանոսյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը վստահություն է հայտնել, որ ստացած գիտելիքները բուհի շրջանավարտների համար՝ ամուր հիմք կլինեն աշխատաշուկայում առաջին քայլերը կատարելիս: «Մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մասնագիտական ուղին անցնի վստահությամբ, մասնագիտական կոչմանը ծառայելու պատրաստակամությամբ, նոր գաղափարներ կյանքի կոչելու խանդավառությամբ: Եվ մենք բոլորս կհիանանք ձեր հաջողություններով, երազանքին ձգտելու համառությամբ, աշխատասիրությամբ: Հուսադրող է տեսնել այսքան շրջանավարտ և նրանց փոխարինելու եկող առաջին կուրսեցի, հատկապես երբ հանրապետությունում կառավարության նախաձեռնությամբ շինարարական մեծածավալ ծրագրեր են իրականացվում: Այսօր և առաջիկա տարիներին հենց այս ոլորտի մասնագետներն են, թերևս, լինելու ամենապահանջվածը»,- ընդգծել  է Ղուլարյանը։

i5.jpg (75 KB)

Ավարտված ուսումնական տարում Համալսարանն ունեցել է 650 շրջանավարտ։

i6.jpg (91 KB)

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համագործակցում է 29 երկրի 100-ից ավելի համալսարանների հետ, փոխանակման ծրագրեր են իրականացվում  ԱՄՆ -ի Ռադգերսի, Վալենսիայի պոլիտեխնիկական, Վարշավայի էկոլոգիայի և կառավարման, Կրակովի ԱԳՀ գիտության և տեխնոլոգիայի, Իսպանիայի Կրոունելյի համալսարանների հետ, ինչպես նաև՝ Իսպանիայի Կոստելոնի բարձրագուն, Կլերմոֆերանի և Սենտ Էթյենի ճարտարապետական բարձրագույն դպրոցների հետ։

Եվրոմիության «Էռազմուս+» ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում է բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման 5 նախագիծ , ևս 2 ծրագիր կյանքի կկոչվի մեկնարկող ուսումնական տարում:

Դրամաշնորհային ևս երկու ծրագրեր են իրականացվում, որոնցից մեկը ֆինանսավորում է Շվեդական ինստիտուտը, մյուսը՝ Ավստրիական զարգացման գործակալությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am