Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Խաչիկ գյուղում 7-րդ անգամ կանցկացվի Գաթայի փառատոնը

Խաչիկ գյուղում 7-րդ անգամ կանցկացվի Գաթայի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց Ձորի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 23-ին արդեն 7-րդ անգամ կանցկացվի ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը։ Համայնքում առաջին անգամ փառատոն անցկացվել է 2013 թվականին, այդ ժամանակ այն կոչվել է Խաչիկ գյուղի տոն։ Հաջորդ տարի որոշում է կայացվել այն վերանվանել և դարձնել Գաթայի փառատոն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում միջոցառման կազմակերպիչ «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը նշեց, որ փառատոնը գյուղում սպասված իրադարձություն է։

«Փառատոնն ավարտվելուց հետո գյուղացիները պատրաստվում են արդեն հաջորդ տարվան։ Այս տարի ևս մեծ ակտիվություն ենք ակնկալում։ Նախորդ անգամ փառատոնն ունեցել է շուրջ 5000 այցելու, այս տարի սպասում ենք, որ հյուրերի թիվը դրանից ավելին կլինի։ Միջոցառման այցելուները հնարավորություն ունեն համտեսելու ամենատարբեր տիպի գաթաներ։ Գլխավոր զարդը լինելու 4 մ և ավելի տրամագծով մեծ գաթան։ Նախորդ տարի գլխավոր գաթան ունեցել է 3 մ 70 սմ տրամագիծ։ Միջոցառման մեկնարկը տրվելու է գաթայի օրհնության կարգով»,-ասաց Արուս Ներսիսյանը։

Փառատոնին լինելու են 30 տաղավարներ, որտեղ տեղացիները ներկայացնելու են իրենց արտադրանքը, բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքը։ Ամբողջ տարի պատրաստվում են փառատոնին, սա շատ մեծ հնարավորություն է իրենց համար, որ կարողանան գտնել հաճախորդներ բարիքներն իրացնելու համար։ Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել նաև տարբեր կերակրատեսակներ։

Դրանից բացի, փառատոնի մասնակիցները կարող են տեղում օգտվել տարբեր տուրերից։ Արուս Ներսիսյանը նշեց, որ Խաչիկ գյուղն ունի հարուստ կենսաբազմազանություն, հետաքրքիր պատմամշակութային, տեսարժան վայրեր։ Այդ ամենից բացի այցելուները կարող են օգտվել քայլարշավներից, այսինքն՝ այցելուների ժամանցի բազմազանությունը կապահովվի։

Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ Խաչիկը սահմանամերձ գյուղ է, այն հանրապետության դարպասներից է և շատ կարևոր է, որ շատերն այցելեն գյուղ, շփվեն գյուղացիների հետ, ծանոթանան պատմամշակութային վայրերին, իրենց ներդրումն ունենան գյուղի զարգացման գործում։

«Գյուղացիները բավական ոգևորված են։ Եթե նախորդ տարիներին համոզում էինք, որ մասնակցեն փառատոնին, ապա հիմա իրենք ենք շտապում մասնակցության հայտեր ներկայացնել։ Խաչիկը դառնում է որպես առանձին զբոսաշրջային ուղղություն, նկատվում է տուրիստների ներհոսք։ Բացվում են հյուրատներ, ոմանք տնտեսական գործունեություն են սկսում ծավալել։ Ունենք ներդրողներ, որոնք ցանկանում են այգիներ հիմնել, գինու գործարան կառուցել»,-ասաց Գևորգ Սիմոնյանը։ 

Համայնքապետարանն ուշադրության կենտրոնում է պահում ենթակառուցվածքների զարգացումը, նկատելի աշխատանք է կատարվել փողոցների լուսավորության, ճանապարհների բարեկարգման ուղղությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]