Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Հանրահռչակել ազգայինը՝ որպես համաշխարհային աստղաբույլի մաս. ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

Հանրահռչակել ազգայինը՝ որպես համաշխարհային աստղաբույլի մաս. ԿԳՄՍ 
փոխնախարարը հանդիպել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոմպոզիտորի հետ քննարկել է երաժշտարվեստին վերաբերող մի շարք հարցեր:

Դանիել Դանիելյանը ողջունել է կոմպոզիտորին և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարության՝ որպես մշակույթի ոլորտը համակարգող գերատեսչության դռները մշտապես բաց են ոլորտի ներկայացուցիչների առջև:

 «Նախարարությունը կարևորում է խնդիրների՝ ուղիղ կապով ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումն ու լուծումների առաջադրումը: Մենք պետք է աչալուրջ լինենք արժեքների պահպանման գործում և քայլենք միևնույն ճանապարհով,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ու հավելել,- մշակութային քաղաքականությունը մշակելիս որպես հիմք պետք է ընդունենք մեր մեծերի, ոլորտի առաջատար ներկայացուցիչների փորձառությունն ու դրան միացնենք երիտասարդների եռանդը, նորարարական գաղափարները»:

Ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Ամիրխանյանը տեղեկացրել է, որ տարբեր լեզուներով նովելների շարք է երաժշտականացրել, ինչը նոր մոտեցում է երաժշտական արվեստում: Քանի որ ստեղծագործությունները դեռևս չեն հնչել, կողմերը քննարկել են գալիք տարվա ընթացքում հանրապետության տարբեր խմբերի միջոցով դրանց կատարման հարցը:

«Մեր խնդիրն է հանրահռչակել մեր երաժշտարվեստը՝ որպես ազգ, որը կրողն է համաշխարհային մշակութային արժեքների: Հանրահռչակելով մեր արվեստը՝ մենք պետք է ցույց տանք, որ մենք ևս համաշխարհային աստղաբույլի մի մասն ենք և գտնվում ենք աշխարհի մշակութային խաչմերուկում»,-նշել է Դանիել Դանիելյանը:

Նշվում է, որ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ միասին քայլելու, նոր ծրագրեր ու գաղափարներ իրականացնելու, ոլորտի առաջխաղացմանը նպաստելու առումով:

«Ազգային երաժշտության հանրահռչակումն ու քարոզչությունը պետք է իրականացվեն միասնական ռազմավարությամբ՝ որպես առաջնահերթություն մեր երաժշտական բոլոր խմբերի համար: Մեր երգի, պարի խմբերի, նվագախմբերի խնդիրը պետք է լինի նաև դպրոցահասակներին մշակույթի դաշտ բերելը և  օգնել նրանց՝ կողմնորոշվելու մասնագիտության և կյանքի ճանապարհի ընտրության հարցում»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը վստահեցրել է, որ ոլորտի երախտավորների հետ հանդիպումները շարունակական են լինելու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]