Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»

ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական 
դպրոց»

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, կրթահամալիրը կառուցվել է 1954 թվականին Սիրանուշ և Պողոս Արզումանյանների հիմնադրամի նախաձեռնությամբ և փոխանցվել է Արգենտինայի կառավարությանը՝ որպես շնորհակալություն և երախտագիտություն հայերին ցուցաբերված օգնության և աջակցության համար: Կրթահամալիրում ուսանում են արգենտինացի երեխաներ:

«Հանրապետության նախագահին դիմավորել են դպրոցի տնօրեն Սոլեդադ Սթրոնգը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Ի պատիվ Հայաստանի նախագահի դպրոց այցելության՝ համալիրի ուսուցչական և աշակերտական կազմերը նախապատրաստել են հայ-արգենտինական մշակութային ծրագիր՝ որը ներկայացնում էր երկու երկրների ազգային պարը, երգ-երաժշտությունը և ավանդույթները:

Արգենտինացի դպրոցականները ներկայացրել են հայկական ժողովրդական մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում նաև Կոմիտասի մշակումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տպավորիչ ծրագրի ավարտին Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ «Հայ-արգենտինական դպրոցը» վառ ապացույցն է հայ և արգենտինացի ժողովուրդների ամուր բարեկամության:

«Արգենտինան հայերիս համար յուրահատուկ տեղ ունի՝ իր էությամբ ու էմոցիաներով, հայերի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, իսկ Հայաստանի անկախացումից հետո մեր համագործակցությունը նոր խթան ստացավ: Ես վստահ եմ, որ առաջիկայում էլ հայ-արգենտինական այս համագործակցությունը շարունակվելու է և հույս ունեմ, որ Երևանի մեր Հայ-արգենտինյան դպրոցն էլ մի այսպիսի գեղեցիկ անակնկալ միջոցառում կնվիրի մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր կայցելեն Հայաստան»,- ասել է նախագահը:

Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ նախագահը գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am