Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դիտարկումներն ու դրանց հեղինակի արձագանքը կուղարկի անկախ կարծիքի

ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դիտարկումներն 
ու դրանց հեղինակի արձագանքը կուղարկի անկախ կարծիքի

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հնչած կարծիքները, դասագրքի հեղինակի կողմից այդ կարծիքների վերաբերյալ արձագանքը կփաստաթղթավորվեն ու կուղարկվեն երրորդ՝ անկախ կարծիքի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն ընդգծեց, որ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հարցով հանդիպում է ունեցել այն մասնագետների հետ, որոնք թեմայի վերաբերյալ ասելիք են ունեցել: 

«Ունենալու ենք մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, այդ դիտարկումներին դասագրքի հեղինակի արձագանքը: Ունենք պայմանավորվածություն, որ այդ ամփոփաթերթը հասանելի կդառնա բոլորին,  որպեսզի բոլորը տեսնեն, թե հեղինակն ինչպես է արձագանքել առկա դիտարկումներին: Նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ կարծիքի, որպեսզի ունենա մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին»,- մանրամասնեց Անդրեասյանը: 

Անդրադառնալով ռուսերեն դասագրքերին՝  նա նշեց, որ ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, գրքերը բաշխվել են դպրոցներին։

«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի․ դա ստանդարտ ընթացակարգ է: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվանից մենք նոր չափորոշիչը ներդնում ենք ՀՀ դպրոցներում՝ այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն՝ հասկանալու համար, թե որքանով են համապատասխանում այդ չափորոշչին։ Օրինակ, ո՞ր թեմաներին են անդրադառնում, ո՞ր թեմաներն են բաց մնում և ինչպիսի՞ այլ ուսումնական նյութեր են պետք այդ աշխատանքներն ամբողջությամբ կազմակերպելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով՝ դա վերաբերում է միայն ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերին:

Անդրեասյանն ասաց նաև, որ ռուսական կողմին բազմիցս ասել են, որ ավելի ինստիտուցիոնալ մեխանիզմ կլինի այն, որ ոչ թե ՌԴ-ից որոշակի խմբաքանակի գրքեր բաշխվեն ՀՀ դպրոցներին, այլ ռուսերենով ուսուցման դասարանների համար ապահովվի ՀՀ դպրոցների դասագրքերով ուսուցումը՝ ռուսերենով։

«Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի այսպիսի հարցեր չառաջանան: Որովհետև պարզ է, որ չափորոշիչային խնդիրներ առաջանալու են, որովհետև մեր և ՌԴ-ի չափորոշիչը նույնը չէ, և դրանք առաջ են բերելու հարցեր»,- նշեց Անդրեասյանը:

Նախարարը մանրամասնեց, որ դպրոց մտնող բոլոր դասագրքերի հեղինակների հետ անընդհատ կապի մեջ լինելու աշխատանքային պայմանավորվածություն ունեն։

Նրա խոսքով՝ ցանկացած դասագրքի հետ կապված բարձրաձայնվող խնդիրները հավաքագրվում են, ներկայացվելու է անհրաժեշտ լրամշակումների ծավալ, որոնք արդեն երկրորդ կիսամյակից պետք է արված լինեն:

«Բոլոր դասագրքերի մասով աշխատանքներ արվում են, և շուտով լրամշակումներ կլինեն»,- եզրափակեց նախարարը:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am