Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել 
պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև որոշ արտաքին ուժեր ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առաքելյանը նշեց, որ նման ահաբեկչությունների հավանականությունը տեսանելի ապագայում ևս մեծ է, քանի որ Իրանի ու նրա հակառակորդների միջև պրոքսի պատերազմը դեռ շարունակվում է։  

«Իրանը վերջին պայթյունների համար մեղադրում է իսրայելական կողմին։ Նույն կերպ Թել Ավիվը մեղադրում է իրանական կողմին՝ Գազայի հատվածում միջնորդավորված ներկայության և պաղեստինցիներին աջակցելու համար։ Իրանն ու Իսրայելը բացահայտ առճակատման մեջ չեն, սակայն նրանց միջև տասնամյակներ շարունակ ընթանում է պրոքսի պատերազմ։ Վերջին ահաբեկչական ակտերը միանգամայն սպասելի էին, որովհետև մեկ ամիս առաջ փորձագիտական շրջանակներն այդ մասին խոսում էին՝ ակնարկելով ԱՄՆ-ում և Իսրայելում գործող այն ուժերին, որոնք շահագրգռված են Իրանի և Իսրայելի միջև ուղիղ պատերազմով։ Իրանական կողմն ամեն անգամ փորձում է ճկունություն ցուցաբերել և խուսափել ուղիղ առճակատումից, չներքաշվել պատերազմի մեջ՝ խնդիրները լուծելով պրոքսի ուժերի մակարդակում»,- ասաց Առաքելյանը։

Իրանագետը հիշեցրեց, որ նախկինում էլ իրականացվել են ահասարսուռ ահաբեկչական գործողություններ, որոնց թվում մեծ աղմուկ առաջացրին օրինակ իրանցի միջուկային գիտնականների սպանությունները, որոնց հաջորդեցին Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում իսրայելցիների դեմ ուղղված ազատագրական պայքարի բռնկման դրվագները։ Ըստ Առաքելյանի՝ Իրանում իրականացված վերջին պայթյուններն աղմկահարույց ահաբեկչությունների նույն շարքից են։ 

«Այդուհանդերձ, Իրանը հերթական անգամ կպատասխանի պրոքսի տարբերակով, ինչպես եղավ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, երբ իրանական զինված ուժերը հարվածներ հասցրին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Նույն ձեռագիրը երևաց վերջերս Սիրիայում, երբ Իրանը Իսրայելին հակադարձեց պրոքսի ուժերի միջոցով հասցված հարվածներով։ Ամերիկաիսրայելական ստորաբաժանումներն իրենց հերթին հարվածներ հասցրին Սիրիայում իրանական հենակետերին։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ իրադարձություններն ապագայում կունենան նման ընթացք»,- ասաց մեր զրուցակիցը։

Առաքելյանը նշեց, որ թեև Իրանի հատուկ ծառայություններն աշխատում են առավելագույն զգոնությամբ, բայցևայնպես մարդակային մեծ կուտակումների դեպքում դժվար է միանգամից վերահսկել բոլորին։ Պատմությունը ցույց է տալիս, որ ահաբեկիչները հաճախ օգտվում են մարդկանց բազմությունից՝ նրանց օգտագործելով որպես կենդանի վահան։ Ահաբեկիչները մխրճվում են մարդկանց մեջ՝ երբեմն իրենց մարմնին կրելով պայթուցիկ նյութեր։

«Իրանի ազգային անվտանգությունն, ինչ խոսք, ավելի կխստացնի իր աշխատանքը, բայցևայնպես չափազանց դժվար է ապահովել հարյուր տոկոսանոց վերահսկելիություն։ Այդ ֆոնին անշուշտ կշարունակեն ակտիվ գործել այն ուժերը, որոնք ցանկանում են ամեն գնով Իրանի ու Իսրայելի միջև տեսնել արյունալի պատերազմ։ Մյուս կողմում կան ուժեր, որոնք փորձում են ամեն կերպ խափանել հակառակորդների ծրագրերն ու մտադրությունները։ Նրանց միջև ընթանում է կատաղի մրցակցություն։ Իրանի դիվանագիտությանը ծանոթ մարդիկ կարող են փաստել, որ այդ երկիրը ճկուն է և կարող է խուսանավել ու հեռացնել պատերազմն իր տարածքից»,- եզրափակեց Առաքելյանը։         

Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և հավելել, որ ահաբեկչությունն իրականացնողները պետք է իմանան, որ ողբերգություն ստեղծելու գործողությանը կհաջորդի խիստ պատասխան՝ Աստծո կամքով։

Իրանական մամուլը հաղորդում է, որ հեռվից պայթեցվել են պայթուցիկներով լի երկու պայուսակներ։ Առաջին պայթյունն իրականացվել է տեղի ժամանակով ժամը 14։50-ին՝ Սոլեյմանիի գերեզմանից 700 մ հեռավորության վրա։ Իսկ երկրորդ պայթյունն իրականացվել է 10 րոպե անց՝ Սոլեյմանիի գերեզմանից մոտ 1 կմ հեռավորության վրա։

Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Իրանում հունվարի 4-ին համապետական սուգ է հայտարարվել։

Մանվել Մարգարյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am