Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԼՂ-ում պայթյունից տուժած մեկ քաղաքացի դեռ ծանր վիճակում գտնվում է այրվածքաբանության կենտրոնում

ԼՂ-ում պայթյունից տուժած մեկ քաղաքացի դեռ ծանր վիճակում գտնվում է 
այրվածքաբանության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից  մեկը դեռ գտնվում է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում․ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին բուժօգնության մասին խոսելով՝ նախարարը հիշեցրեց, որ առողջապահական համակարգը թե՛ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ, թե՛ տեղահանումների օրերին ամբողջությամբ մոբիլիզացվել էր, կարողացել էր էտապային բժշկական օգնություն տրամադրելով՝ հայրենակիցների առողջական բեռը թեթևացնել:

«Ցավոք սրտի, մենք ունեցանք աղետալի պայթյուն, որի հետևանքները շատ դաժան էին: Եվ մոբիլիզացնելով թե՛ Երևանի մասնագիտացված կենտրոնների ներուժը, թե՛ մեր միջազգային գործընկերների օգնությունն ու համագործակցությունը, հնարավորինս ապահովեցինք անհրաժեշտ բուժօգնությունը տվյալ պահին, հետո էլ ապահովեցինք, որ վերականգնողական, պլաստիկ վերակառուցողական բժշկական օգնություն տրամադրվի: Այս պահին ունենք 1 բուժառու, որը գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում ծանր վիճակում, մնացած բոլորը դուրս են գրվել, շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը»,-ասաց Ավանեսյանը:

Այլ երկրներում բուժում ստացած անձինք արդեն հետ են վերադառնում: Նախարարի խոսքով՝ բավականին լավ արդյունքներ կան, նրանք շարունակելու են իրենց բուժումը Հայաստանի մասնագիտացված կենտրոններում:

Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել․ տուժել էր ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվող բնակչությունը: Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am