Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայաստանին այս փուլում անհրաժեշտ է Ադրբեջանի վարքագիծն առավելագույնս կառավարելի պահել․ փորձագետ

Հայաստանին այս փուլում անհրաժեշտ է Ադրբեջանի վարքագիծն առավելագույնս 
կառավարելի պահել․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները որոշակիորեն կանդրադառնան հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Հայաստանին այս փուլում անհրաժեշտ է Ադրբեջանի վարքագիծն առավելագույնս կառավարելի պահել, իսկ Ադրբեջանն իր հերթին ձգտելու է հատկապես միջազգային հանրության հետ շփումներում իր համար խնդիրների առաջացման պարագայում մանևրի տեղ ունենալ»,- ասաց վերլուծաբանը։

Պետրոսյանի կարծիքով՝ միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցի շեշտադրումներն ու բովանդակային առանցքն Ադրբեջանում նախատեսված համապետական ընտրական գործընթացն է։ Ըստ այդմ՝ Ալիևի խոսույթի գաղափարախոսական հիմքում այն դրույթներն են, որոնք արձանագրվել են գործող վարչակարգի կողմից անցյալ տասնամյակների ընթացքում և պայմանավորված են եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտով։

«Ադրբեջանի նախագահին պետք էր տեքստային քաղաքական հայտարարությունների միջոցով ու նաև քարոզչական նպատակներով կապիտալիզացնել այն ամբողջ ձեռքբերումների փաթեթը, որոնք արձանագրվել են նրա կառավարման ողջ շրջանում։ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե ինչու է գնում արտահերթ ընտրությունների, հետևաբար նրա խոսքերը միանշանակ քողարկված են նախընտրական տրամադրություններով։ Ադրբեջանի նախագահը ցանկանում է ամփոփել կառավարման նախորդ փուլը և սկսել նոր շրջան, որի հետ կապված ծրագրերի մասին թեև դեռ չի խոսում, սակայն դրանք ակնհայտորեն վերաբերելու են Հայաստանի հետ հարաբերություններում կրկին ինքնահաստատվելուն և Ադրբեջանի ազդեցության մեծացմանը Հարավային Կովկասում»,- ասաց Պետրոսյանը։

Նա չբացառեց տեսանելի ապագայում Ադրբեջանի կողմից հայատյացության գաղափարախոսության առարկայացման նոր դրսևորումները, որը տասնամյակներ շարունակ սերմանվել է ադրբեջանցիների մեջ։

«Երբևէ չեմ մտածել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն ադրբեջանական օրակարգից դուրս է եկել։ Պարզապես նախորդ տարեվերջին Ալիևի կողմից արված հայտարարությունը նույն ժամանակահատվածում եղած պայմանավորվածությունների վերլուծման և ամփոփման հիմքով էր, այսինքն՝ եթե ճանապարհը գործելու է նույն սկզբունքներով, ինչպես միշտ բարձրաձայնում է հայկական կողմը, ապա այդ եղանակով միջանցքը չի հետաքրքրում Ադրբեջանին, որն ավելին է ուզում, այսինքն ՝ ճանապարհի բացման և դրա հնարավորությունների օգտագործման հեռանկարը կարող է կյանքի կոչվել բացառապես միջանցքային տրամաբանությամբ, ինչն անընդունելի է հայկական կողմի համար»,- ասաց վերլուծաբանը։

Պետրոսյանը չի կարծում, որ այս փուլում խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակության փոխհամաձայնեցման ուղղությամբ կարող են արձանագրվել լուրջ իրողություններ, քանի որ Ադրբեջանն այս փուլում ուղղակի չի ցանկանում պայմանագիր ստորագրել։ Հիմնական պատճառը գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակն է, որը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակաբար վերհանել Հայաստանին ուղղված իր պահանջները՝ նույնիսկ հրաժարվելով նախնական որոշ պայմանավորվածություններից։

Իսկ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանն իր հերթին նշեց, որ թեև ավելի մտահոգիչ են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք ակնհայտորեն տարածքային նկրտումներ են պարունակում, այդուհանդերձ, դրանք պատճառ չեն, որպեսզի համարեն, թե հայ-ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի։

«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում ես տեսնում եմ որոշակի առաջընթաց։ Եթե նախկինում Ալիևը սպառնում էր Հայաստանին, որ ուժային կարգավորմամբ կստանա այդ միջանցքը, ապա հիմա միայն հայտարարում է, որ հակառակ դեպքում Ադրբեջանն էլ իր պետական սահմանը չի բացի Հայաստանի առջև։ Սա առաջընթաց է, բայց բավարար հիմք չէ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Ալիևն ընտրողների քվեն շահելու համար կանի նմանօրինակ շատ հայտարարություններ, այսինքն՝ նրա սուր մեսիջներն ուղղված են ներքին լսարանին։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am