Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են. Պատմության թանգարանն՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու ցուցադրման մասին

Կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են. Պատմության 
թանգարանն՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու ցուցադրման մասին

 ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պարզաբանող հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանն՝ անդրադառնալով Երևանում Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանի ցուցադրման վերաբերյալ շրջանառվող հրապարակումներին:

36278634_620205535017246_8689063210285793280_n.jpg (81 KB)

«Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվ համագործակցում է նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։

Դեռևս 2018 թվականին թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ներկայացվել է 10 բացառիկ նմուշ։

2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվեց «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցություն ունեցավ նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ իր հավաքածուից ցուցադրությունում ներկայացնելով 3 բացառիկ նմուշներ (Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․))։

Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ»,- նշված է Պատմության թանգարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցադրության կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են․ ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության և թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին։

Ավելի վաղ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am