Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Podcast-ՍոցUp․ մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովելու աջակցության ծրագրից

Podcast-ՍոցUp․ մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքով 
ապահովելու աջակցության ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու ծրագիրը հնարավորություն է ընձեռում, որպեսզի պետական աջակցությամբ առաջարկվող  երեք տարբերակով գործատուները գտնեն համապատասխան աշխատող, իսկ  շահառուները՝ աշխատատեղ։

Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

GEV_8149.jpg (638 KB)

Նրա խոսքով՝ աջակցության ուղղություններից մեկը վերաբերում է մասնագիտական ուսուցմանը։ Ըստ այդմ՝ թափուր աշխատատեղ ունեցող գործատուի դիմելու դեպքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները կառաջարկեն այն շահառուին, ով համապատասխանում է տվյալ աշխատատեղի նկարագրին։

«Եթե գործատուն հարցազրույցի արդյունքում պատկերացնում է, որ կարող է նրա հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել, բայց նախքան այդ, հնարավոր է, որ պետք լինի որոշակի ուսուցում, այս պարագայում հնարավորություն է տրվում գործատուին, որպեսզի նա դիմի մեզ և ստանա աջակցություն ուսուցման կազմակերպման համար»,-ներկայացրեց Սարգսյանը՝ մանրամասնելով, որ այդ շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձի մինչև 6-ամսյա ուսուցման համար։

Այդ ընթացքում ուսուցանող կազմակերպությանը պետության կողմից կվճարվի յուրաքանչյուր ամսվա համար ոչ ավելի քան 50 հազար դրամ։ Գործատուն, աջակցության այս եղանակից օգտվելիս,  ունի ընդամենը մեկ պարտավորություն՝ ուսուցման ավարտից հետո շահառուի հետ պետք է կնքի առնվազն եռամսյա աշխատանքային պայմանագիր։

«Ճիշտ է խրախուսվում է ավելի երկար պայմանագիր, այդ թվում՝ անորոշ ժամկետով, բայց սովորելուց հետո գոնե երեք ամսվա աշխատանքային պայմանագիր պետք է կնքվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բացի ուսման վարձը, շահառուին սովորելու ընթացքում տրամադրվում է նաև կրթաթոշակ 50 հազար դրամի չափով։

Պայմանագիրը երեք ամսից շուտ դադարեցնելու դեպքում էլ գործատուն պարտավոր է վերադարձնել պետության կողմից շահառուի ուսուցման և կրթաթոշակի համար վճարված գումարները։

Նախատեսված երկրորդ ուղղության դեպքում, երբ գործատուն ընտրված թեկնածուի ուսուցման անհրաժեշտություն չի գտնում, և վերջինս կարող է որոշակի փորձաշրջանից հետո ընդունվել աշխատանքի, պետք է կնքվի առնվազն վեցամսյա աշխատանքային պայմանագիր, որից երեք ամիսը համարվում է փորձի ձեռքբերման ժամանակահատված։

Այդ ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար պետությունը գործատուի փոխարեն կվճարի 165 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև հարկերն ու պարտադիր վճարները։

Փորձի ձեռքբերման շրջանի ավարտից հետո գործատուն պարտավոր է շարունակել շահառուի հետ աշխատանքային հարաբերությունները առնվազն երեք ամիս՝ վճարելով համապատասխան աշխատավարձը, որի հարկերը 50 հազար դրամի սահմաններում կփոխհատուցի պետությունը։

Աջակցության ծրագրի երրորդ տարբերակն ընդգրկում է աջակցության բոլոր տեսակները։

«Տվյալ պարագայում մինչև 6 ամիս մեր շահառուն անցնում է ուսուցում, այնուհետև գործատուն պարտավոր է նրա հետ կնքել 6 ամսվա աշխատանքային պայմանագիր, որից երեքը կհամարվի կրկին պրակտիկայի ժամանակահատված, որի համար 165 հազար դրամի սահմաններում գումար կստանա։ Դրանից հետո ևս 3 ամիս արդեն մենք կվճարենք միայն հարկերը, իսկ այն ընթացքում, երբ նա ուսուցման մեջ է, մինչև 6 ամիս կրկին կրթաթոշակ ենք տալու և ուսման վարձն ենք փոխհատուցելու՝ 50 հազար դրամի սահմաններում»,-ներկայացրեց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու պետական աջակցության ծրագրի շահառու համարվելու պայմանների, ծրագրից օգտվելու ընթացակարգի վերաբերյալ և այլ մանրամասներ՝ փոդքաստում։

Վան Նովիկով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am