Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանում սպորտային արբիտրաժն ունի ինստիտուցիոնալ զարգացման հսկայական ներուժ. Տաթևիկ Մատինյան

Հայաստանում սպորտային արբիտրաժն ունի ինստիտուցիոնալ զարգացման 
հսկայական ներուժ. Տաթևիկ Մատինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի թիվս այլ ոլորտների՝ սպորտում ևս արբիտրաժի կիրառման լայն հնարավորություններ կան, որոնք դրականորեն են ազդում  ոլորտում հնարավոր վեճերի արդյունավետ լուծման վրա։ AMCA-ն՝  Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, «Սպորտ և արբիտրաժ» թեմայով միջոցառում էր կազմակերպել՝ ոլորտի մասնագետների, մարզիկների, ֆեդերացիաների և իրավաբանական ընկերությունների հետ քննարկելու սպորտային արբիտրաժի առանձնահատկությունները, ներկայացնելու միջազգային լավագույն փորձն ու Հայաստանում այն կիրառելու ու տեղայնացնելու հնարավորությունները։ AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանի հետ «Արմենպրես»-ը զրուցել է սպորտային արբիտրաժից և դրա կարևորությունից։

IMG_3695.JPG (8.06 MB)

-Տիկին Մատինյան,  շատերի համար, գուցե, նորություն լինի, որ արբիտրաժ հնարավոր է կիրառել նաև սպորտի ոլորտում։ Ինչպե՞ս է զարգացել սպորտում վեճի լուծման այս մեխանիզմը կիրառելու անհրաժեշտությունը։

-Վերջին տարիներին սպորտային արդյունաբերությունն անճանաչելիորեն փոփոխվել է։ Մարզիկների տրանսֆերային արժեքների, սպորտային հանդիպումների հեռարձակման վճարների և իմիջային իրավունքներից ստացվող եկամուտների կտրուկ ավելացումը ոլորտի զարգացման համար ստեղծում են նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով բազմաթիվ վեճեր և տարաձայնություններ։ Ոլորտում արբիտրաժի կիրառման անհրաժեշտությունը հասկանալու համար՝ մի փոքրիկ պատմական ակնարկ ներկայացնեմ։ 

Սպորտի բնագավառում ծագող վեճերի ինստիտուցիոնալ կարգավորման հարցը մասնագիտական համայնքի ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռևս նախորդ դարավերջում։ 1980-ականների սկզբին սպորտի հետ կապված միջազգային վեճերի թվի կանոնավոր աճը, միաժամանակ սպորտի հարցերով մասնագիտացած և պարտադիր որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող  անկախ մարմնի բացակայությունը, ստիպեցին միջազգային սպորտային կազմակերպություններին հարցը դարձնել օրակարգային, իսկ ավելի ուշ՝ ձեռնամուխ լինել Շվեյցարիայի Լոզան քաղաքում հատուկ իրավազորությամբ օժտված Սպորտային արբիտրաժային դատարանի ստեղծմանը:

1987 թվականի հունվարի 30-ին արբիտրներ Ֆրանսուա Կարրարդից, Հանս Նաթերից և Ժան Գայից կազմված արբիտրաժային տրիբունալը Շվեյցարիայի  ազգային առաջնության շրջանակներում տեղի ունեցած միջադեպի առթիվ ազգային մակարդակում հանդես եկող «Հոկեյի X.» ակումբի պահանջի հիման վրա (ընդդեմ Շվեյցարիայի հոկեյի ֆեդերացիայի) կայացրեց սպորտի բնագավառում առաջին արբիտրաժային վճիռը՝ համարելով, որ ակումբի մարզչի նկատմամբ կիրառված կարգապահական ներգործության միջոցը համապատասխանում է գործող կարգավորումներին։ Այս վճռից ավելի քան 30 տարի անց արբիտրաժը համարվում է սպորտի բնագավառում ծագող վեճերի լուծման ամենատարածված եղանակը։ Այն մեր օրերում խրախուսվում է նաև ոլորտը կառավարող սուբյեկտների կողմից։ Օրինակ, համաշխարհային ֆուտբոլի կառավարման ղեկավար մարմնի՝ ՖԻՖԱ-ի կանոնադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը վեճերի լուծման եղանակն ընտրելիս պետք է առաջնահերթություն տան արբիտրաժին։ 

Ի տարբերություն այն ժամանակահատվածին, երբ սպորտային վեճերը մեծապես լուծվում էին առանձին երկրի օրենսդրության կամ «բարու և արդարության» (ex aequo et bono) սկզբունքների հիման վրա, այսօր մեծ հեղինակություն է վայելում lex sportiva-ի կոնցեպտը որպես սպորտի բնագավառում ծագող վեճերի նկատմամբ կիրառելի միասնական իրավունք (lex arbitri)։ Այն իրենից ներկայացնում է սպորտի բնագավառում կառավարման իրավասություն ունեցող միջազգային կազմակերպությունների ընդունած կարգավորումների և տարիների ընթացքում արբիտրաժային տրիբունալների ձևավորած նախադեպային իրավունքի համախումբ։

-Կնշե՞ք այն առավելությունները, որոնք սպորտում արբիտրաժի կիրառումը դարձնում են առավել ընդունելի։

-Արբիտրաժին բնորոշ գաղտնիությունը, ճկունությունը, արագությունը, ինչպես նաև  սեփական հայեցողությամբ նեղ մասնագիտական գիտելիքներով արբիտրին ընտրելու հնարավորությունը, ինքնին, ապահովում են վեճերի լուծման այս եղանակի գրավչությունը մարզիկների, ակումբների, մարզիչների, ֆեդերացիաների, կոնֆեդերացիաների, լիգաների և այլ մարզական սուբյեկտների շրջանում։ 

Վերջին տարիներին արբիտրաժի միջոցով լուծվող վեճերի շրջանակը կտրուկ ընդլայնվել է։ 2016 թվականին Սպորտային արբիտրաժային դատարանին ներկայացված հերթական պահանջի հիմքում ընկած էր Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Միհրան Հարությունյանի գանգատը՝ Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի եզրափակչում իր նկատմամբ կողմնակալ մրցավարության մասին։ Նույն տարում արբիտրաժային տրիբունալի քննությանն էր ներկայացվել նաև Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (ՄՊԿ) օգոստոսի 7-ին ընդունած որոշմամբ Դոպինգի դեմ կոնվենցիայի ենթադրյալ խախտման փաստով Ռուսաստանի պարալիմպիկ թիմի 250 մարզիկների որակազրկման սկանդալի առնչությամբ վեճը։

IMG_3696.JPG (7.80 MB)

Այսպիսով, մեր օրերում արբիտրաժը սոսկ վեճերի լուծման եղանակ լինելուց զատ նաև ուղղակի և անուղղակի կերպով ուղղորդում է սպորտային արդյունաբերության զարգացման ընթացքը՝ հավաստանշելով թույլատրելիի և անթույլատրելիի սահմանագիծը։

Սպորտի բնագավառում վեճերի լուծման համընդհանուր կերպով ընդունված մշակույթի ձևավորման գործում նշանակալի ներդրում ունի Սպորտային արբիտրաժային դատարանը (ՍԱԴ), որը մինչ օրս իր իրավասության սահմաններում քննում է միջազգային սպորտային վեճերի զգալի մասը։ Ժամանակի ընթացքում միջազգային սպորտային կազմակերպությունների՝ միջազգային տարրով չծանրաբեռնված վեճերը ազգային մակարդակում լուծելու դիրեկտիվների արդյունքում սպորտային վեճերի մի ստվար զանգված այսօր լուծվում է երկրների ազգային իրավասությունների սահմաններում՝ սպորտի համընդհանուր ճանաչում ունեցող կարգավորումների և արդար խաղի սկզբունքի լույսի ներքո։ Մարզաձևերից ֆուտբոլում ազգային մակարդակներում մի շարք վեճերի լուծման մոտեցում որդեգրելու համար հեղափոխական նշանակություն ունեցավ ՖԻՖԱ-ի «1010 շրջաբերականը»։

Այսօր, ՍԱԴ-ին զուգահեռ մի շարք սպորտային, ինչպես նաև սպորտի բնագավառում ծագող առևտրային և հարակից վեճեր քննվում են Միջազգային առևտրային պալատի, Հոնկոնգի միջազգային արբիտրաժային կենտրոնի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության վեճերի այլընտրանքային լուծման պալատի, Ինդոնեզիայի սպորտային արբիտրաժային խորհրդի և այլ նշանավոր կենտրոնների կանոնների շրջանակներում։ 2020 թվականից սպորտային արբիտրաժը մեծ նշանակություն է ձեռք բերում հատկապես արաբական երկրներում, որտեղ ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորվում են սպորտային արբիտրաժային կենտրոններ դրանց թվում են՝ Արաբական Միացյալ Էմիրությունների սպորտային արբիտրաժային կենտրոնը, Աբու Դաբիի ՍԱԴ այլընտրանքային լսումների կենտրոնը, Սաուդյան սպորտային արբիտրաժային կենտրոնը, Եգիպտոսի սպորտային արբիտրաժային կենտրոնը, Բահրեյնի վեճերի լուծման պալատը, Քուվեյթի ազգային սպորտային արբիտրաժային կենտրոնը, Կատարի սպորտային արբիտրաժային տրիբունալը և այլն։

ԱՊՀ տարածաշրջանում սպորտային արբիտրաժի բնագավառում նշանավորվում է Ազգային սպորտային արբիտրաժային կենտրոնը (Ռուսաստան) և Տաշքենդի միջազգային արբիտրաժային կենտրոնը (Ուզբեկստան)։

-Սպորտային արբիտրաժը Հայաստանում զարգացնելու ի՞նչ հեռանկարներ կան։

-Հայաստանի Հանրապետությունում սպորտային արբիտրաժն ունի ինստիտուցիոնալ զարգացման հսկայական ներուժ։ Մեր հանրապետությունում սպորտի բնագավառում ծագող վեճերը հանձնվում են  արտասահմանյան արբիտրաժային հաստատություններին, որոշ դեպքերում՝ առաջին ատյանի դատարաններին, իսկ առավել հաճախ՝ արդյունավետ լուծման կառուցակարգերի բացակայության պայմաններում մնում առկախված։

IMG_3697.JPG (7.88 MB)

Նկատի ունենալով սպորտային արբիտրաժի զարգացման հսկայական փորձն ու հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրները, 2023 թվականին հիմնադրված Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հանդես է գալիս որպես սպորտային արբիտրաժի ծառայություններ առաջարկող արհեստավարժ հաստատություն մեր երկրում՝  նպատակ ունենալով Հայաստանը դարձնել սպորտային արբիտրաժի  առաջատար կենտրոն տարածաշրջանում։

AMCA-ն մարզիկներին, մարզական ակումբներին, ֆեդերացիաներին և այլ շահագրգիռ սուբյեկտներին առաջարկում է վեճերի լուծում ոլորտի առաջատար հայազգի և արտասահմանյան սպորտային իրավաբան-արբիտրների կողմից՝ պրոֆեսիոնալ միջավայրում, սեղմ ժամկետներում և միջազգային սպորտի բոլոր ստանդարտների համապատասխանությամբ։

Կենտրոն կարող է դիմել ցանկացած մարզիկ, ակումբ, ֆեդերացիա կամ այլ սպորտային կազմակերպություն, որն ունի ազգային մակարդակում ծագած առևտրային վեճ սպորտի կամ այլ հարակից բնագավառներում, որի լուծման համար առկա է արբիտրաժային վերապահում։

Մարզիկների, ֆեդերացիաների և ոլորտի այլ ներկայացուցիչների շրջանակում իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով էլ նախաձեռնել էինք «Սպորտ և արբիտրաժ» թեմայով հանդիպում-քննարկումը։ Հայաստանում արբիտրաժի մշակույթի զարգացումը մեզ համար առաջնային նպատակ է, ուստի նմանատիպ միջոցառումները տարբեր ոլորտների համար լինելու են շարունակական։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am