Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՄԲ ՊՆ ղեկավարը պատասխանել է ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալուց ՄԲ պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտների մասին հարցին

ՄԲ ՊՆ ղեկավարը պատասխանել է ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալուց ՄԲ պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտների մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիան կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ ուսումնասիրելու համար ավելի սերտ համագործակցության հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետական նախարար Ջեյմս Հիպին՝ պատասխանելով խորհրդարանի Հյուսիսային Իռլանդիայի գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Բաքլենդի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալուց Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտները:

Ջեյմս Հիպին նշել է. «Փետրվարի 22-ին Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Դա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալ։

Մեծ Բրիտանիան ճանաչում է այս որոշումը որպես Հայաստանի ինքնիշխան իրավունք և համագործակցելու Է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ ի դեմս ռուսական պատասխանի սպառնալիքների:

Մեծ Բրիտանիան ստորագրել է զենքի մատակարարման վերաբերյալ ԵԱՀԿ էմբարգոն, ուստի Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է ստացվի սահմանված սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ ՝ ուսումնասիրելու համար ավելի սերտ համագործակցության հնարավորությունները»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին փետրվարի 22-ին տված հարցազրույցում  հայտարարել է, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- նշել է Փաշինյանը։

Նա արդեն փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է. ««Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել: Եվ այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում: Իսկ հարցը ծագել է 2021 թ. մայիսի իրադարձություններից հետո, 2021-ի նոյեմբերի իրադարձություններից հետո, 2022-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո: Եվ հարցը ծագել է հետևյալ համատեքստում՝ ՀԱՊԿ-ը այստեղ առաքելություն է գործուղել և առաքելության գործողությունների ու ուսումնասիրությունների արդյունքում պետք է տար իրադրության գնահատական: Ըստ էության ՀԱՊԿ-ի մեր գործընկերները հրաժարվել են իրադրությանը տալ գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»։ ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ը, փոխանակ կատարելու Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններն անվտանգային ոլորտում, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար: Եվ դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:

«Հետևաբար, այս հանգամանքի բերումով ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշումը և պատասխանը, անում է ուղիղ հակառակը: Եվ հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և, եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, ի՞նչ անենք ուրիշ»,- եզրափակել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am