Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է հարթակ, որում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է հարթակ, 
որում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրությունից, այն աշխարհին է ներկայացնում ԼՂ մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։

Տվյալների հավաքմամբ և մշակմամբ զբաղվում է ինստիտուտում ստեղծված «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» խումբը և «Մոնումենտ վոթչ» թիմը։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախագիծը, գլխավոր էջ.jpg (594 KB)

Հարթակի հիմնական նպատակն Ադրբեջանին անցած ԼՂ անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումն է՝ վիճակը մինչև պատերազմը, ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), և այդ ամենը միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:

«Հարթակը հատուկ ձևաչափով մշակված գիտական հոդվածների տեսքով ներկայացնում է ԼՂ մշակութային ժառանգությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ հնավայրերը, հուշարձանները, կոթողները, քաղաքացիական կառույցները, թանգարանները, հավաքածուները, առանձին մանրամասները։ Ահազանգերի բաժնի հոդվածները ներկայացնում են Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը և կոնկրետ դեպքերը, գնահատում դրանք միջազգային մշակութապահպան կոնվենցիաների լույսի ներքո», - ասել է գիտական խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նա նշել է, որ բացի հարթակից «Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» խմբի և «Մոնումենտ վոթչ» թիմի հետազոտությունները տպագրվել են միջազգային ճանաչում գտած հանդեսներում և ձեռնարկներում (Electrum, Patrimoines, Gruyter, Brill):

«Մշակութային ժառանգության հետազոտության, ահազանգման և պահպանության ասպարեզում թիմի հետազոտական աշխատանքը հիմնվում է միջազգային կոնվենցիաների, տեսական ու մեթոդաբանական մոտեցումների և պրակտիկաների վրա: Դրանք հայաստանյան իրականության մեջ նորարարական են, հավասարակշռված և անկողմնակալ, ինչն էլ պայմանավորում է արդյունքների օգտագործելիության բարձր մակարդակը: Թիմը համապատասխան տեսական, գործնական և տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ՀՀ անվտանգության խորհրդին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՀ Առաքելական եկեղեցուն», - ասել է պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ միջազգային և հայաստանյան մշակութապահպան կառույցները, լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Մոնումենտ վոթչի» նյութերը որպես չեզոք գիտական արդյունք և իրավիճակների անկողմնակալ փաստագրում:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախագիծը․ «Հնավայրեր և հուշարձաններ» բաժին.jpg (796 KB)

«Արդյունքները ներկայացվել են Եվրախորհուրդ, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Թիմը համագործակցում է ասպարեզի մի շարք կազմակերպությունների և խմբերի՝ Caucasus Heritage Watch-ի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Save Armenian Monuments-ի հետ», - ասաց պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

Հարթակի ստեղծմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ֆորդի հիմնադրամը, Գյուլբենկյան հիմնադրամը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, անհատ հովանավորներ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am