Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Կառավարությունը մտադիր է Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար

Կառավարությունը մտադիր է Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև 
միջազգային չվերթների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

Աղազարյանը նկատեց, որ  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ հեռավորության վրա միջազգային օդանավակայան կառուցելու իրավունք չկա:

Սանոսյանը հայտնեց, որ պայմանագրում նման կետ կա 2001 թվականից, երբ կոնցեսիոն կառավարման է հանձնվել օդանավակայանը:

«Մենք հիմա գործընկերների հետ բանակցում ենք այդ կետի հետ կապված փոփոխություն անելու համար: Մեր մտադրությունն ու ցանկությունն է Կապանի օդանավակայանը ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային չվերթների համար ծառայեցնել: Եվ հիմա բանակցում ենք, որ այս կետում փոփոխություն անենք, և հանելով այդ սահմանափակումը, կարողանանք միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել ու Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային օդանավակայան»,-ասաց նախարարը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հայտնեց, որ այդ կոնցեսիոն պայմանագիրն ավարտին է մոտենում, գալիս է նոր պայմանագիր կնքելու ժամանակը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am