Հունաստանում անկախության օրը նշել են զինվորական մեծ շքերթով
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանն իր անկախության 203-րդ տարեդարձը նշել է մայրաքաղաք Աթենքում կազմակերպված խոշոր զինվորական շքերթով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Greek Reporter պարբերականը։
Աթենքում հազարավոր հույներ են հավաքվել՝ անկախության տարեդարձը նշելու։ Շքերթին մասնակցել են երկրի զինված ուժերի հազարավոր զինվորականներ։
Հունաստանի անկախության օրը համընկնում է Սուրբ Ավետման տոնի հետ, որը նշում են հույն ուղղափառ քրիստոնյաները։
Շքերթի ընթացքում երկինք են բարձրացել Rafale կործանիչներ, F 16 կործանիչներ և Apache հարվածային ուղղաթիռներ։
Հույների ապստամբությունն օսմանյան 400 տարվա տիրապետության դեմ սկսվել է 1821 թվականի մարտի 25-ին։ 1829 թվականին հույներն ազատագրեցին երկրի տարածքի մեծ մասը, իսկ 1832 թվականին կնքված Կոստանդնուպոլսի պայմանագրով Հունաստանը վերջնականապես դարձավ անկախ պետություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում