Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պետք է անել ամեն բան, որպեսզի խաղաղությունը հաստատվի հնարավորինս շուտ. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Պետք է անել ամեն բան, որպեսզի խաղաղությունը հաստատվի հնարավորինս 
շուտ. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպման սկզբում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵԽ գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի ընթացքը` գոհունակությամբ փաստելով, որ այն թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական գնահատականներով ընթանում է արդյունավետ:

«Կարևորում ենք ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ վերջին մոնիտորինգային զեկույցի բարձր գնահատականը: Այժմ նախապատրաստվում է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» զեկույցը, որը մենք կարևորում ենք բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Ըստ աղբյուրի՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Հայաստանում իրագործվող բարեփոխումների և ժողովրդավարությանն ու խաղաղությանը հավատարիմ լինելու հանձնառության իրականացման Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականը:

«Հայաստանն իր ժողովրդավարությամբ և արժեքներով ապացուցել ու ապացուցում է, որ հավատարիմ է մարդու իրավունքների պահպանման, խաղաղության և տարածաշրջանային անվտանգության կայունությանը միտված օրակարգին: Խաղաղությունը չունի այլընտրանք, և պետք է անել ամեն բան, որպեսզի այն հաստատվի հնարավորինս շուտ և լինի հարատև»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Նշվում է, որ քննարկվել են ԵԽ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, «Կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» շուրջ տարվող աշխատանքները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հրամայականը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am