Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Զեյնա Մինան վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը

Զեյնա Մինան վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կհյուրընկալի 
Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 11-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը Հայաստանին վստահելու համար: 

«Մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում խաղերի անցկացման այս կարևոր հանձնառությանը. կանենք հնարավորը, որպեսզի Հայաստանում 2027 թվականին կայանալիք խաղերը դառնան լավագույնը մրցաշարի անցկացման պատմության մեջ՝ կազմակերպման և որակի առումով: Այս գործում շատ կարևոր են նաև Ձեր աջակցությունը և ուղղորդումը»,- նշել է նախարարը:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են խաղերի կազմակերպման նպատակով ազգային և տեխնիկական կոմիտեների ստեղծմանը, ինչպես նաև՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներին:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 5-օրյա այցի շրջանակում այցելել են մարզական ու մշակութային մի շարք հաստատություններ, հանդիպել տարբեր մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, քննարկել մարզաձևերի անցկացման կազմակերպչական հարցերը։

ՖԽՄԿ տնօրեն Զեյնա Մինան վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերը: Քննարկվել են մասնակիցների կեցությունը, տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու, լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև խաղերի հեռարձակմանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ անդրադարձ է կատարվել նաև կամավորների ներգրավմանը` նշելով, որ այդ աշխատանքներում կընդգրկվեն բուհերի և ավագ դպրոցների ֆրանսախոս սովորողները: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանում ֆրանսերենի տարածումը խթանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ֆրանսերենով ուսուցում իրականացնող կրթական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը:

Հունիսի վերջին Փարիզում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերի անցկացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am