Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Մնացական Սաֆարյանն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդին է ներկայացրել հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ

Մնացական Սաֆարյանն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդին է 
ներկայացրել  հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ապրիլի 12-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ։

ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական փոխգործակցության ներուժի իրացման համատեքստում Մնացական Սաֆարյանն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը, որը ենթադրում է տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակում և ցանցի ստեղծում՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Տարածաշրջանային ընթացիկ գործընթացների համատեքստում շեշտվել է ԱՊՀ հիմքում ընկած անկյունաքարային փաստաթղթերի՝ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների պահպանման կարևորությունը, որոնցում ամրագրված են վեճերի խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների անքակտելիության ու հարգման մասին կողմերի պարտավորությունները։

Ի թիվս այլ փաստաթղթերի՝ նիստի արդյունքներով ընդունվել է «Լրագրողների մասնագիտական գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ոտնահարման անթույլատրելիության մասին» հայտարարությունը, որում, մասնավորապես, կարևորվել է լրագրողների ազատ և անկախ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ համաձայն հավատարմագրման պետության ազգային օրենսդրության, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ թողարկումների անթույլատրելիությունը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am