Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը

Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ 
մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում  են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ հաշտության համաձայնությունը կնքվել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև:  Հաշտության համաձայնությունը 2024 թվականի ապրիլի 15-ին մուտք է արվել Վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան:

Հաշտության համաձայնությամբ՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը չի բխել Կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի՝ «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշումից:

Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել էր, որ Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող՝ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակվել էր: Մասնավորապես՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացվել էր 800 մլն դրամ արժողության՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակվել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված՝ 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ վարույթի մասն անջատվել և հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:

Հաշտության համաձայնությամբ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել  է, որ չի կատարել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պայմանը, պարտավորվել է Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում իր կողմից կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քառակուսի մետր ներքին մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քառակուսի մետր ներքին մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքը և այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես չկատարված պարտավորության հատուցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am