Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք 
աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Լիտվայի վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար:

Կողմերը քննարկել են անվտանգության եւ տնտեսական իրավիճակն Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում:

ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Հարավային Կովկասում հարատեւ խաղաղություն հաստատելու գործում՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման անհրաժեշտությունը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական եւ էներգետիկ համագործակցության հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը:

Ինգրիդա Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am